Հասարակություն 

Կայարանցի Թևոսիկը շատ թշնամիներ ունի. սպանված Արթուր Սաֆարյանի ընկերն ուշագրավ մանրամասներ է պատմում

analitik.am

Yerkir.am-ը գրում է. «Հանցագործ աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի ՝ Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց Արթուր և Թևոս Սաֆարյանների ընկերը՝ մոսկվաբնակ միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը: Վերջինիս վերաբերյալ այս գործից մաս է անջատվել: Նա այնպիսի տեղեկություններ հայտնեց դատարանին, որոնք կարող են շրջադարձային լինել այս գործի ելքի համար: Վկան նախ հայտնեց, որ ՌԴ-ում ուժային կառույցներում պատասխանատու պաշտոն է զբաղեցնում և պաշտոնի բերումով գործի նախաքննության ընթացքում տիրապետել է գործի շատ փաստական տվյալների:

Նա հայտնեց, որ մոտ հարաբերություններ ունի գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի հետ և նախկինում էլ մտերիմ է եղել նաև գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանի հետ: Ըստ նրա՝ Իսրայել Սարգսյանն անմեղ է և կասկածներ է ունեցել, որ հնարավոր է` հանցագործությունը պատվիրել է Տիգրան Ասատրյանը, քանի որ վերջինս դրա համար շարժառիթներ է ունեցել: Մասնավորապես, նրա խոսքով՝ Տիգրանն ասել է, որ Թևոս Սաֆարյանն իրեն ֆինանսապես «գցել է», նրանից վտանգ է զգացել: Խոսքը  միլիոնավոր դոլարների մասին է:

Իսկ Իսրայելն Արթուրի ամենամտերիմ ընկերներից է եղել և ունակ չէ մարդ սպանելու: «Արթուրը, որ կարևոր հանդիպումներ էր ունենում, զանգում էր Իսոյին, մինչև վերջին պահն էլ լավ ընկերներ են եղել: Ես Արթուրի մոտ ընկերն էի, և նրանց հարաբերությունները լավ գիտեի: Դեպքի օրը Մոսկվայում՝ հիվանդանոցում եմ եղել: Դեպքից հետո Թևոսի հետ խոսակցություն եմ ունեցել, նա ներկայացրել է իրավիճակը, մենք խնդրեցինք նրան չխառնվել գործին, ասացինք ժամանակ տուր. ինչքան դու ես ուզում ախպորդ սպանությունը բացահայտվի, այնքան էլ մենք, քանի որ կողքից բոլորն էլ ուզում են թշնամություն գցել ընկերության մեջ: Երկու անգամ էլ իմ դեմ են մահափորձ արել և ուղղությունը փորձել են թեքել Թևոսի վրա, բայց… »

Անդրադառնալով Թևոս Սաֆարյանի և Տիգրան Ասատրյանի միջև առկա թշնամանքին` վկան հայտնեց, որ նրանց միջև միլիոնավոր դոլարների ֆինանսական խնդիրներ կային: «Ես տեղյակ եմ, որ Տիգրանն ինչ-որ գործ է արել Թևոսի հետ, և Թևոսն իրեն խաբել է, դրանից հետո Թևոսն արտերկրում էր, և նրա հարցերով զբաղվում էր եղբայրը: Տիգրանը վտանգ էր զգում Արթուրից, անգամ այդ ընթացքում տան մոտ անվտանգությունն էր ուժեղացրել: Ես այդ ժամանակ եկա Մոսկվայից և հաշտեցրի նրանց, այնուհետև իմացա, որ Տիգրանն ու Արթուրն իրար քավոր-սանիկ են դարձել»,- ասաց նա: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանի հարցին, եթե Թևոսն էր Տիգրանին փող պարտք, ինչու՞ պետք է Տիգրանը վախենար Թևոսից, վկան պատասխանեց. «Բոլորն էլ գիտեն, թե Թևոսիկն ով է, Տիգրանը վախենում էր, որ Թևոսենք կփորձեն իրեն վերացնել, որպեսզի փողը հետ չտան, Տիգրանը մի առիթով ասել է, որ Թևոսն իր թշնամին է, նրանք մինչև հիմա թշնամիներ են»:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի կողմից Իսրայել Սարգսյանի հետ իր խոսակցությունը ձայնագրելուն և ձայնագրությունը մոնտաժված տարբերակով իրավապահներին ներկայացնելուն, Բոլյանն ասաց, որ Թևոսն անձամբ է իրեն այդ ձայնագրությունը տվել և որ այն լսելով` կարծել է, որ եթե Իսրայելը խոսակցության մեջ ընդունել է հանցանքը և որոշ բաներ ասել, դեռ չի նշանակում, որ նա է կատարել դա, ընդհակառակը, հնարավոր է` Իսոն այդ կերպ փորձել է զրուցակցին «բացել», խոսեցնել և ճշտել` արդյոք Տիգրանը կապ ունի սպանության հետ, թե  ոչ: Ավելին, վկան հայտնեց, որ ինքն է անձամբ Իսոյին հորդորել պարզել՝ արդյոք Տիգրանը կապ ունի կատարվածի հետ, թե ոչ: «Մենք էլ ենք Արթուրի ընկերը եղել, խի՞ իրար զապիս չենք անում»,- Տիգրանի արարքը մեկնաբանեց նա:

Նշենք, որ Տիգրան Ասատրյանը դատաքննության ընթացքում հայտարարել էր, որ իրեն «ալիբի» ապահովելու համար է ձայնագրել Իսոյին: Վկան հայտնեց, որ եթե պարզվի, որ Տիգրանն էլ կապ չունի կատարվածի հետ, նշանակում է` ինչ-որ երրորդ ուժ կա: «Հավատացեք շատ մարդ կցանկանար Արթուրի և Թևոսի մահը, 1991-ից ի վեր՝ Թևոսը շատ թշնամիներ ունի, եթե Հայաստանի իրավապահները հարցում ուղարկեին ՌԴ համապատասխան մարմիններին՝ կպարզեին, որ մի կապոց փաստեր ու անուններ կտային, ովքեր ցանկանում են սպանել Թևոսին»,-ասաց նա և հերթական անգամ շեշտեց, որ ինքը վստահ է, որ Իսոն անմեղ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից