Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. ողջ գիշեր ձնաբքի տակ մնացած 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս բերվեցին ձնաբքից

analitik.am

Այսօր՝ փետրվարի 2-ին, վաղ առավոտից Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիսի վարչական տարածքում տեղի ճանշինականները Գորիսի հրշեջ-փրկարարների, ոստիկանության Գորիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ ուժեղ ձնաբքի պայմաններում կարողացան 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքից, ինչի շնորհիվ վարորդներն անվտանգ մեկնեցին իրենց հասցեներով:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանշինականների տեխնիկանաները չեն հասցնում ճանապարհից հեռացնել ձնաբքի հետևանքով կուտակված ձյունը և կարելի է ասել, որ վայրկյանների ընթացքում քամին իր սև գործն անում է:

Տեղում ճանշինականների աշխատանքները ղեկավարում է Երևանից նշված վայր ժամանած ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:

Ճանշինականներին, ոստիկաններին և փրկարարներին օգնում են նաև քաղաքացիները, ովքեր Ճանշինին տրամադրած հատուկ տեխնիկաներով մերկասառույցից դուրս են բերում ծանրաքարշ մեքենաները: Ճանապարհային ոստիկանությունն ու Կապի ու տրանսպորտի նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի նշված հատվածում երթևեկեն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից