Հասարակություն 

Ռիտա Սարգսյանը մասնակցել է ուսանող ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը

Սուրբ Սարգսի տոնի առթիվ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվեց ուսանող-ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթ:

«Աշխատանքները ներկայացրել են մեր բոլոր չորս` գեղանկարչություն, դիզայն, քանդակ և զարդային-կիրառական արվեստ բաժինները: Յուրաքանչյուր ուսանող ներկայացրել է իր ընկալումները` տարբեր տեխնիկաների կիրառմամբ: Մենք փորձում էինք ներկայացնել մեր ավանդույթները, ծիսակարգը` ողջ շքեղությամբ, այնպես, ինչպես պատկերացրել են ուսանողները: Առաջարկը ստացանք Արարատյան Հայրապետական թեմից»,-նշել է քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը:

Արարատյան Հայրապետական թեմիառաջնորդական փոխանորդ գերաշնորհտեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշել է, որ նման ցուցահանդեսը պետք է մանրակրկիտ և խորը լռության մեջ դիտել:

«Այս նկարներում կտեսնեք Սուրբ Սարգսի և եկեղեցական այլ խորհրդանիշներ պարունակող պատկերներ: Մաղթում եմ, որ արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսությամբ մասնակիցների իղձերն իրականություն դառնան»,-նշել նա:

Ցուցահանդեսի մասնակիցներ Արմինե Արշակյանը, Անի Պողոսյանը, Գայանե Ավետիսյանը, Աննա Կրճատյանը, Հռիփսիմե Կարապետյանը ճանաչվեցին լավագույնը:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով նկարչուհի Արմինե Արշակյանին նվեր հանձնեց:

«Այստեղ մեր երկրի հայտնի նկարիչների ալբոմներն են, և ես ուզում եմ, որ այս վառ գույները, որ տեսա քո նկարներում, ամբողջ կյանքում միշտ լինեն քեզ հետ: Շնորհավոր»,-նշել է Ռիտա Սարգսյանը:

Երիտասարդ նկարիչ Արմինե Արշակյանը խոստովանեց, որ որևէ մրցանակ դեռևս չի ստացել:

«Ես չեմ մտածել, որ հենց Սուրբ Սարգսի թեմայով նկար ստեղծեմ, ուղղակի նկարել եմ: Ընտանիքում արվեստագետներ չունենք. փոքր տարիքից սիրել եմ նկարել, երեք տարի խորացված զբաղվում եմ: Ուզում եմ դառնալ հայտնի նկարիչ»,-նշել է նա:

Սուրբ Սարգսի տոնակատարությունների շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես -մրցույթներ:

Սա այս տարվա առաջին ցուցահանդեսն է: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջն առաջին անգամ է միացել տոնին: Բոլոր մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն կունենան փետրվարի 7-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք Բուն Բարեկենդանի տոնախմբության ժամանակ:

Առաջիկայում կբացվի ևս երեք ցուցահանդես` նվիրված Սուրբ Սարգսի տոնին:

Նույն շարքից