Հայաստան Քաղաքական Հարցազրույց 

 Մեր երկիրն այսօր նմանվել է ռախիդ երեխայի, որի գլուխը մարմնից մեծ է. Արագած Ախոյան

Հայաստանի բնակչությունը երկրում բաշխված է անհամաչափ կերպով. մարզաբնակները ջանում են օր առաջ  տեղափոխվել Երևան` թողնելով իրենց հարազատ մարզը: Այսօր այս մտահոգությունը հայտնեցին պատգամավորները ԱԺ հերթական նիստի ընթացքում: Ակնհայտ է՝  մեր հանրապետությունը զարգանում է անհամաչափ կերպով:

Պատգամավորներն այս խնդիրը լուծելու համար արտահայտեցին տարբեր կարծիքներ, ընդ որում` հակասական: Իսկ ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Հարցը, թերևս, մնում է առկախված. խնդիրները մարզերում անհամեմատ ավելի շատ են: Երևանում ավելի հեշտ է աշխատանք գտնելը, ուստի բարեկեցիկ կյանքի ակնկալիքները մայրաքաղաքում, ուզած թե չուզած, շատանում են:

Անդրադառնալով վերոնշյալ խնդրին` պատգամավոր  Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Ցավալի է, բայց մեր երկիրն այսօր նմանվել է ռախիդ երեխայի, որի գլուխը մարմնից մեծ է: Հանրապետությունը հավասարաչափ կերպով չի զարգանում: Սա իսկապես մեծ խնդիր է: Պետք է անել այնպես, որ մարզերն էլ զարգանան: Բայց կան էլեմենտար հարցեր, որոնք կարող են լուծել նաև հասարակ քաղաքացիները: Ամեն խնդիր չէ, որ պետք է բարդել իշխանությունների վրա: Փաստ է, որ զբոսաշրջությունը զարգացնելով`  մազերն էլ առաջընթաց կունենան: Օրինակ Սարդարապատի հուշահամալիր ենք գնում ու տեսնում, որ միջավայրն աղտոտված է: Մենք մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ պիտի ուշադիր լինենք: Տեղական ինքնակառավարման մարմիններն էլ պիտի հոգան այս մասին: Հայրենիքի զարգացումը սկսվում է նման փոքր թվացող խնդիրներից: Երկրի մարզերի ու մայրաքաղաքի համաչափ զարգացման գործում մեծ  կարևորություն ունեն ներդրումները: Բայց ներդրում անողը հիմնականում մասնավոր սեկտորն է: Այս պարագայում, բնական է, նրանք ունեն կոմերցիոն նպատակներ: Պարզ է, որ մարզերում չկա մեծ պահանջարկ, և, բնականաբար,  ներդրումներ անողները ցանկանում են գումարներ ներդնել  մայրաքաղաքում: Բայց ես կարծում եմ, որ պետական մոտեցում է անհրաժեշտ այս հարցը լուծելու համար:Այս հարցն արդեն քննարկվում է ԱԺ-ում: Դա արդեն իսկ առաջընթաց է: Ես կարծում եմ, որ այս հարցին հնարավոր է լուծում տալ, եթե կարողանանք ճիշտ մեխանիզմներ մտածել ու, իհարկե, կիրառել դրանք»:

Նույն շարքից