Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1921 թվականի Փետրվարյան ապստամբության օրերին, երբ Հայաստանը կարճ ժամանակով կրկին անկախ էր դարձել, Երևանում լույս տեսնող Կառավարության «Ազատ Հայաստան» պաշտոնական թերթում հանդիպում ենք մի ուշագրավ հայտարարության՝ Երևանում առաջին ավտոդպրոցի աշխատանքների կազմակերպման և վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ: Ահա այդ գովազդի տեքստն ամբողջությամբ՝ այն տեղադրված էր «Հայտարարություններ» բաժնում, իսկ թերթի խմբագրությունը գտնվում էր Կառավարության շենքում, որտեղ էլ պետք է ներկայացվեին համապատասխան դիմումները.
«Շոֆերների առաջին դպրոց Հայաստանում՝ Ա. Է. Տեր-Գրիգորյանի:
Բացվում է ավտոմոբիլիստների և շոֆերների առաջին դպրոց, որի նպատակն է պատրաստել պատասխանատու և ինտելիգենտ ավտոմոբիլիստներ և շոֆերներ: Կուրսը երեք ամսյա է: Ուսանողների քանակը սահմանափակ է: Դպրոցում ընդունվում են ԵՐԿՍԵՌ ԼՍՈՂՆԵՐ ոչ պակաս չորս դասարանյան կրթությամբ: Դպրոցը ավարտելուց հետո հաջող քննություն բռնողը ստանում է ԱՏԵՍՏԱՏ (վկայական): Լավ ավարտածները կհրավիրվեն դպրոցում իբրև ինստրուկտորներ: Պարապմունքները սկսվելու են առաջիկա մարտի 1-ից: Ընդունելությունը ամենայն օր՝ ժամը 3-ից մինչև ժամը 5-ը: Դպրոցի պատասխանատու կազմակերպիչ՝ Ա. Է. Տեր-Գրիգորյան» (24 փետրվարի 1921 թ., «Ազատ Հայաստան», Երևան):