ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք համահայկական հանրահավաքի մասին:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու ընդդիմության, ավելի կոնկրետ` Ազատության հրապարակում հավաքվածների ճակատագիրը, նա պատասխանեց, որ անհանգստացած է նրանց ճակատագրով:
«Առաջիկայում նախատեսված հանրահավաքն անարդյունք միջոցառում է: Լինելու է այն, ինչ եղել է նախորդների ժամանակ: Դրանք անպտուղ, անարդյունք միջոցառումներ են: Մենք անհանգստացած են նրանց համար: Եղանակն անբարենպաստ է, ու բավական թվով մարդիկ կարող է դուրս չգան: Այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվի»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ որևէ ջանք չի գործադրվելու, ինչպես նախորդ անգամները:
«Այս անգամ ևս նման հարցերով չենք հետաքրքրվում ու ժամանակ էլ չունենք` մարդկանց իրենց աշխատանքից շեղելու համար»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: