Հունվարի 19-ին Երևանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գործող հագուստի սրահում տեղի ունեցած դեպքերի մասին Analitik.am-ը զրուցեց Սուսաննա Արսենյանի հետ:
Այնպիսի տպավորություն էր, որ նա վախեցած է: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Դուք միանգամից հայտարարեցիք, որ այս գործում մեղավորը Սամվել Ալեքսանյանն է, որն է Ձեր կասկածանքի հիմքը:
-Այո՛ չեմ ժխտում, այդպիսի բան ասել եմ, սակայն նշել եմ միայն, որ կասկածում եմ և դեռ որևէ բանում համոզված չեմ: Արդեն գաղտնիք չէ, որ նրա և ամուսնուս միջև ժամանակին եղել են տարաձայնություններ, դա էր պատճառը, որ միանգամից նրա ուղղությամբ հիմնավորում եղավ այսպես մտածելու:
-Տիկին Սուսաննա, իսկ ի՞նչ խնդիր էր եղել նրանց միջև, որը Ձեզ տեղիք է տվել այդպես կարծել:
-Այն ինչ եղել է, շատ վաղուց էր և դրա մասին չեմ ցանկանում խոսել, մի պարզ պատճառով՝ դա այս գործի հետ կապ չունի: Այս պահին ինքը՝ պարոն Ալեքսանյանն անձամբ է շահագրգիռ, որ իրական մեղավորները գտնվեն, և իր մասնակցության շնորհիվ, գրեթե հայտնի է իրական հանցագործը: Այդ մասին ավելի ուշ կխոսեմ:
-Կան տեղեկություններ, որ պարոն Արսենյանը ժամանակին աշխատել է Սամվել Ալեքսանյանի մոտ, և այդ ժամանակներում էլ նրանց միջև ծագել են անախորժ հարաբերություններ: Ի՞նչ կասեք այս մասին:
- Այո, իմ ամուսինը աշխատել է պարոն Ալեքսանյանի հետ, սակայն այդ լուրերը անհիմն են: Նրանք աշխատել են միմյանց հետ շատ լավ և որևէ խնդիր այդ իմաստով չի եղել:
-Իսկ դատական, որ փուլում է գտնվում գործընթացը:
- Դատական գործընթացը դեռ միայն վկայությունների և նյութեր հավաքելու փուլում է: Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում և այդ ուղղությամբ հետաքննություն է սկսվել: Համոզված եմ, որ կարճ ժամանակ անց այս հարցը կստանա իր լուծումն ու մեղավորները կպատժվեն և լրացուցիչ տեղեկություն կհաղոդենք:
Հ.Գ Մեր առաջին ոգևորիչ զրույցի և այս զրույցի միջև մեծ տարբերություններ կային: Տպավորություն ստեղծվեց, որ գուցե տիկնոջը վախեցրել են կամ կլորիկ գումար առաջարկել, իհարկե երկու տարբերակն էլ նա հերքեց:
Դատողություներն ու կարծիքները թողնում ենք ընթերցողին:
Հարցազրույցը վարեց Վարդ Գիշյանը