Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել հնարավոր կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում՝ խորհրդարանի մոտ, ցուցարարներն իրավապահների վրա քարեր ու «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:
Ձերբակալվածների և վիրավորների մասին չի հաղորդվում:
Ոստիկանությունն ի պատասխան կիրառել է լուսաաղմկային նռնակներ և քիմիական նյութեր:
Ավելի վաղ ցուցարարները հարձակվել են մի խումբ ոստիկանների վրա Սինտագմայից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող Ստադիու փողոցում:
Այսօր Հունաստանում անցկացվում է համընդհանուր գործադուլ և զանգվածային ցույցեր սոցիալական ապահովագրության համակարգում փոփոխությունների դեմ:
Աթենքում, ոստիկանության տվյալներով, փողոց է դուրս եկել 45.000-50.000 ցուցարար: