Հունվարի 30-ին, Կիեւյան կամրջից ցած նետված 47-ամյա Արտակ Գալստյանին, ում իրավապահները որոնում էին, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերով ոսկու պարունակությամբ հանքանյութի գաղտնի հափշտակության գործի շրջանակներում, մինչեւ վերջ էլ չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՀՔԾ-ն՝ նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե նրան «տեւական ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում տարել-բերել են եւ պահանջել անուններ ասել, մյուս կողմից էլ` սպառնացել են»:
ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Ոսկու վերամշակման գործունեությամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով ոսկու պարունակությամբ հանքանյութի գաղտնի հափշտակության դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Բագրատ Ա.-ին եւ Լեւոն Ս.-ին եւ վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քրեական գործի հետագա քննության ընթացքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործությանը մասնակցություն են ունեցել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, հետեւապես քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով ըստ քննչական ենթակայության 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ նույն օրն ընդունվել է վարույթ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում գողությանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ հիշյալ ՍՊ ընկերության արտադրության պետ Արտակ Գալստյանին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, մինչդեռ վերջինս չի հայտնաբերվել:
Մամուլում վերջին օրերին հրապարակված այն տեղեկությունները, որ «տեւական ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Արտակ Գալստյանին տարել-բերել են եւ պահանջել անուններ ասել, մյուս կողմից էլ` սպառնացել են», իրականությանը չեն համապատասխանում: Ավելին՝ Արտակ Գալստյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն երբեւէ չի ներկայացել, չի հարցաքննվել եւ նրա մասնակցությամբ քննչական որեւէ գործողություն չի կատարվել:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Նշենք, որ Արտակ Գալստյանը աշխատում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրամասի պետ, իսկ նրա եղբայրը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանն է: