Հայաստան Քաղաքական 

ԲՀԿ-ն չի մասնակցի  մարտի 1-ի հանրահավաքին. Վահան Բաբայան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն առաջարկում է     հայաստանյան մյուս ընդդիմադիր ուժերին մարտի մեկին համատեղ հանրահավաք անցկացնել Երևանի Ազատության հրապարակում: Այդ օրը նրանք պահանջներով կդիմեն նաև միջազգային կառույցներին. «Կիրառել պատժամիջոցներ վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ, ճանաչել քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում և պահանջ ներկայացնել ազատ արձակել և կրճատել ոստիկանական ուժերը»:  «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը ,,Ա1+,,  -ի հետ զրույցի ընթացքում նշել է, որ հանդիպումներ են նախաձեռնվել ընդդիմադիր մյուս ուժերի հետ՝ ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր»: Պարոն Ղուկասյանը կարևոր է համարում մեկ ճակատով հանդես գալու հանգամանքը. «Ընդդիմադիր ուժերը միշտ մրցակցում են իրար հետ, այս հարցում կարող են լինել միասնական»:

Analitik.am-ը զրուցել է ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հետ` փորձելով հստակեցնել, թե վերոնշյալ հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն :

«Ամենայն հավանականությամբ` այդ շարժման, այդ կառույցի մեջ ներառված մեր հայրենակիցներն իրենց քաղաքական հայացքներն ու քաղաքական գործունեությունը կապում են որոշակի ձերբակալված մարդկանց հետ, որոնք այս պահին գտնվում են կալանավայրերում: Նրանք ուզում են դա ներկայացնել որպես քաղաքական դրդապատճառներով բանտարկություն: Ես կարծում եմ, որ եթե ուսումնասիրենք համաշխարհային փորձը, վստահաբար կարող ենք ասել, որ այս պահի տվյալներով` մեր երկրում որևէ մեկն իր կարծիքի արտահայտման կամ քաղաքական  գործունեության հետ կապված չի կալանավորվել: Համենայն դեպս, ես քաղբանտարկյալ համարում եմ նրանց, ովքեր կարող են զրկվել ազատությունից իրենց կարծիքն արտահայտելու կամ  քաղաքական գործունեության ու քաղաքական հայացքների համար: Եթե այս կամ այն ձերբակալության մեջ կան քրեական տարրեր, ապա այդ հարցերը ես պատրաստ չեմ մեկնաբանել: Դիմե'ք իրավապահ մարմիններին: Իսկ ինչ վերաբերում է մեր մասնակցությանը`  հավաստիացնում ենք, որ մենք նման խնդիրներ չունենք մեր օրակարգում և նման հանրահավաքների չենք պատրաստվում մասնակցել»:

Նույն շարքից