Քաղաքական Միջազգային գլխավոր 

Հալեպի ազատագրման օրը մոտ է. Արմեն Պետրոսյան

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբը հյուրընկալել էր արաբագետ Արմեն Պետրոսյանին: Ասուլիսի ընթացքում բանախոսն անդրադարձավ փակուղում հայտնված՝ սիրիական հակամարտության հանգուցալուծմանը միտված «Ժնև 3» միջազգային համաժողովին ու դրա գործունեությանը: (Հիշցնենք, որ սիրիական հարցի կարգավորմանը համար ստեղծված 3-րդ հանձնաժողովը պայմանականորեն կոչվել է «Ժնև 3»):

Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ արաբագետը նշեց. «Սիրիական հակամարտությունը նորագույն պատմության այն եզակի հակամարտություններից է, որն ամենաարագն է փոխում իր զարգացման փուլերը: Օրակարգում կան հարցի խաղաղ կարգավորման ուղիներ, որն ստացել է «Ժնև 3» պայմանական անվանումը: Այն սկիզբ առավ հունվարի 29-ին ու հենց սկզբից մտավ փակուղի: Բանակցությունների այս փուլն ի սկզբանե բանակցային բնույթ չկրեց, այսինքն՝ անուղղակի կերպով ՄԱԿ-ի բանագնացն ունեցավ առանձին հանդիպումներ՝ սկզբում կառավարական պատվիրակության հետ, ապա՝ ընդդիմության: Բայց մեկ շաբաթ էլ չտևեց այս գործընթացը: Արդյուքում՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարեց, որ գործընթացը հետաձգվում է մինչև փետրվարի 25-ը»:

Արաբագետը նշեց, որ բանակցային գործընթացների ձգձգման հետ կապված՝ նշվեցին տարբեր պատճառներ, որոնցում ասվում էր, թե դրա հիմնական պատճառն այն էր, որ հակամարտող կողմերի միջև կան լուրջ տարաձայնություններ: Բայց ըստ Արմեն Պետրոսյանի՝ սա մակերեսային մեկնաբանություն է:

 «Իրականում գործընթացները շատ ավելի խորն են: Այս փակուղում հայտնվելու պատճառը սիրիական ռազմադաշտում տեղի ունեցող գործողություններն են», - պարզաբանեց բանախոսը:

Ինչպես հայտնի է, Սիրիայի հյուսիսը Թուրքիայի ազդեցության տակ է գտնվում, իսկ հարավային շրջանները՝ Սաուդյան Արաբիայի: Բանախոսը նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի ու Սաուդյան  Արաբիայի  ստեղծած դիրքերն արդեն փլուզման եզրին են:

«Ռուսաստանի իրականացրած գործողությունների  շնորհիվ  հանգուցային իրավիճակ է ստեղծվել: Վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ կտրվել է Հալեպի կապը Թուրքիայի հետ: Եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա Հալեպի ազատագրման օրը մոտ է: Թուրքիան ու Սաուդյան Արաբիան չեն կարող սա անտեսել. Վերջիններս  Սիրիայում մեծ ներդրումներ են կատարել: Բնականաբար, նրանք փորձեցին ձախողել «Ժնև 3»-ի գործողություններն ու ընթացքը. այս իրավիճակը նրանց շահերից չէր բխում», - պարզաբանեց արաբագետը:

Դեկտեմբերի վերջին Էրդողանը պաշտոնական այցով մեկնեց  Սաուդյան Արաբիա: Ընդամենը մի քանի օր առաջ էլ այնտեղ է մեկնել Թուրքիայի վարչապետը՝ Դավութօղլուն: Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս հանդիպումներից հետո ակնառու փոփոխություններ եղան, մասնավորապես՝ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այն մասին, որ հարկ է սիրիական ռազմադաշտում իրավիճակը փոխել:

«Պատահական չէ, որ 2 օր առաջ բրիտանական «Գարդիան»-ը գրեց, որ Սաուդիան Արաբիան հայտարարել է Սիրիայում ցամաքային ուժեր մտցնելու վերաբերյալ: Մինչ այս որևէ արտաքին խաղացող ուղղակի կերպով այսպիսի հայտարարություն չէր արել», - նշեց Արմեն Պետրոսյանը:

Վերջին շրջանում սիրիական խնդրին վերաբերող տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ են հնչում: Անդրադառնալով դրանցից մեկին՝ արաբագետը նշեց.

«Վերջերս շատ են խոսում այն մասին, որ հնարավոր է Թուրքիան ներխուժի Սիրիա, բայց ես նման բան չեմ կանխատեսում, քանի որ վերջերս այդ երկիրն արեց մի այսպիսի արկածախնդիր քայլ՝ խոցելով ռուսական ինքնաթիռը՝ առանց ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցնելու:  Տեսանք, թե ինչ ստացվեց արդյունքում: Սովորաբար նմանատիպ լուրջ քայլերը Թուրքիան կատարում է ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցելով: Իսկ ես չեմ կարծում, որ գոնե մոտ ապագայում  Թուրքիան մեծ ուժերով  կներխուժի Սիրիա»:

Նույն շարքից