yerkir.am-ը գրում է.
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող` «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աշխատանքի չի գնացել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
«Անցած շաբաթ դեռ ջերմություն ուներ, բայց արդեն կգնա աշխատանքի: 200 հաշվառված հղի ունի, ովքեր անգամ ինձ են դիմում, ասում են` պարոն Սիրունյան, այնպես արեք՝ գա աշխատանքի»,- ասաց նա:
Պաշտպանը հայտնեց, որ մեղադրանք առաջադրելուց հետո իր պաշտպանյալը դեռ հիվանդանոցում է ցուցմունք տվել և ասել, որ չի ընդունում մեղքը:
«Պահանջում ենք առերեսումներ անել այն մարդկանց հետ, ովքեր նրա դեմ ցուցմունք են տվել, հրաժարվում են»,- ասաց նա համոզմունք հայտնելով, որ այս գործը դատարան չի հասնի, քանի որ իրենք դա թույլ չեն տա:
Նշենք, որ Սիրունյանը բողոք է ներկայացրել դատարանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, գրավ կիրառելու դեմ: «Գրավը կալանքի փոխարինման միջոց է, իսկ մենք կալանքի հիմքեր չենք տեսնում, մենք դեմ ենք կալանքին, քանի որ մարդը ոչ փախչող է, ոչ էլ քննությանը խոչընդոտող»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` գործով մեղադրյալ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:
Ավելին՝ այստեղ