Հասարակություն 

Ձյունն ինչքան գեղեցիկ է, այնքան էլ խնդրահարույց է

Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում հորդորում է տնտեսվարողներին կատարել Երևանի ավագանու որոշումով սահմանված պարտականությունները։

«Հիշեցնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու որոշման` ձեր օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր եք իրականացնել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները», - նշված է հայտարարության մեջ։
Մենք՝ հայերս, երբեմն մեր անելիքներից խուսափում ենք՝ այն բարդելով ուրիշի ուսերին։ Իզուր չէ, որ նման իրավիճակները բնորոշող ասացվացք էլ ունենք՝ «Ես ՝ աղա, դու՝ աղա, բա մեր աղունն ո՞վ աղա»։ Յուրաքանչյուր  ոք պիտի շահագրգռված լինի իր անվտանգությամբ և մաքրի իրեն հասանելիք փոքր բակային տարածքը կամ գրասենյակներին հարող տարածքները։

Այսպիսի խնդիրներ միայն Հայաստանում չէ, որ ծագում են։ Օրերս Բելառուսի նախագահն իր հայրենակիցներին հորդորեց  աջակցել պատկան մարմիններին ու նրանց բեռը փոքր-ինչ թեթևացնելու համար օգնել ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներում։ Լուկաշենկոն իր հայտարարությունում նշել է, որ ձյունն առատ է, իսկ աշխատողները  որքան էլ ջանում են, չեն հասցնում մաքրել  բոլոր փողոցները։ Ձնամաքրման աշխատանքներ կատարողները չեն հասցնում անգամ Մինսկում իրավիճակը վերահսկել։

Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև Ռուսաստանը։ Այս երկիրը հագեցած է ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների համար նախատեսված նորագույն տեխնոլոգիաներով ու տեխնիկական միջոցներով, բայց նույնիսկ այդ պարագայում ռուսներն անզոր են բնության այս տարերքի դեմ: Բազմաթիվ ռուսներ բահերն առնում են ձեռքներն ու իրենք են մաքրում   իրենց գրասենյակին հարող կամ բակային տարածքը։ Այս երևույթը մեզանում կար տարիներ առաջ։ Տղամարդիկ դուրս էին գալիս բակ ու միահամուռ ուժերով մաքրում իրենց բակը։  Իսկ այսօր շատերն ուղղակի բողոքում են ստեղծված իրավիճակից՝ չփորձելով անգամ  այդ դրությունից  դուրս գալու համար ինչ-որ քայլ անել։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր երկրներում կիրառվում են ձնամաքրման աշխատանքների իրականացման  տարբեր արդյունավետ միջոցներ։ Բայց նույնիսկ այդ պարագայում ոչ մի պետություն ապահովագրված չէ մերկասառույցից կամ ձնառատ փողոցների առկայությունից։

Այնպես որ, լինե՛նք պատասխանատու և մաքրե՛նք մեզ հասանելիք գրասենյակային ու բակային փոքրիկ տարածքները։ Այս կերպ  մենք կկարողանանք ոչ միայն ավելի անվտանգ դարձնել մեր կյանքը, այլև օգնության ձեռք կմեկնենք  պատկան մարմիններին։

Նույն շարքից