Օրերս տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ քննարկվում էր ՄԻՊ թափուր պաշտոնում իշխանության թեկնածուի հարցը: Նիստից հետո պարզվեց, որ ՀՀԿ-ականների ՄԻՊ թեկնածուն Արման Թաթոյանն է: Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը ՀՀԿ-ականներն ընդունել են միաձայն: Փետրվարի 12-ին տեղի կունենա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կորոշվի, թե առաջադրված թեկնածուներից ում պետք է ներկայացնեն ԱԺ լիագումար նիստին:
Քանի որ Արման Թաթոյանն ընտրվել է միաձայն, բնականաբար, նրան կողմ են ՀՀԿ բոլոր պատգամավորները։ Գոնե ֆորմալ առումով այդ է ցույց տալիս ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցած քվեարկությունը։
Իսկ ի՞նչ կարծիք ունեն Թաթոյանի մասին քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչերը։ Այս թեմայի վերաբերյալ Analitik.am-ը զրուցեց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ։
Զոյա Թադևոսյանը նշեց, որ արդեն իսկ պարզ է, թե ով է լինելու մեր օմբուդսմենը։
«Մինչ այս Արման Թաթոյանի անունը չէի լսել։ Օրերս լրատվամիջոցներից մեկում կարդացի նրա մասին։ Երեկ էլ, կարծեմ, «Ա1+»-ում հոլովակ տեսա․ լրագրողները փորձում էին հարցազրույց անցկացնել վերջինիս հետ, նա էլ խուսափում էր։ Մյուս թեկնածուներին անդրադառնալն, այս պարագայում, կարծում եմ՝ իմաստ չունի։ Այդ գործընթացին խորությամբ չեմ էլ հետևում։ Բոլորս շատ լավ գիտենք, թե խորհրդարանում որ կուսակցությունն է մեծամասնությունը։ Պարզ չէ՞, թե ով պիտի լինի մեր ՄԻՊ-ը։ Իհարկե, ամեն ինչ պարզից պարզ է․ հանրապետական թեկնածուն է ընտրվելու», - նշեց Զոյա Թադևոսյանը։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը նշեց․
«Ես չեմ ուզում խոսել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի մասին։ Կարող եմ խոսել մեր առաջադրած թեկնածուի՝ Մակար Եղիզարյանի մասին։ Նա ունի մասնագիտական բարձր որակներ, հիանալի անձնավորություն է։ Նա արդարության ջատագով է եղել, մասնագիտությամբ իրավաբան է, մագիստրոսական թեզ է պաշտպանել, մասնակցել է տարբեր միջազգային սեմինարներին, բազմաթիվ մրցույթների դափնեկիր է․․․ Սահմանված կարգով կանցնենք այն ճանապարհը, որով պետք է անցնենք։ Կտեսնենք, թե ինչ կստացվի արդյունքում»։