Հայաստան Քաղաքական գլխավոր 

Էդվարդ Նալբանդյանի խոսքը Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամլո ասուլիսին

Բարև Ձեզ, տիկնա՛յք և պարոնա՛յք:

Ուրախ եմ ողջունել Երևանում Շվեդիայի արտգործնախարար, իմ լավ բարեկամ Մարգոտ Վալստրյոմին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցելությամբ:

Այսօր մենք հնարավորություն ունեցանք շարունակելու մեր բազմաբովանդակ երկխոսությունը` երկկողմ օրակարգի, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Մենք բազմաթիվ հնարավորույթուններ ենք ունեցել հանդիպելու թե՛ Ստոկհոլմում, թե՛ տարեբր միջազգային համաժողովների, ֆորումների շրջանակներում: Վերջին մեր հանդիպումը դեկտեմբեր ամսին էր: Մենք պայմանավորվեցինք, որ Շվեդիայի արտգործնախարարը կգա Հայաստան, և այսօր շատ ուրախ եմ՝ ողջունելու նրան Երևանում:

Տիկին Վալստրյոմի հետ կարևորեցինք Հայաստան - Շվեդիա հարաբերությունների դինամիկ զարգացումը, որը հատկապես ակտիվացել է երկու դեսպանությունների բացումից ի վեր: 2014թ. Ստոկհոլմում մենք՝ տիկին Վալստրյոմի հետ միասին, բացեցինք ՀՀ դեսպանությունը: Նաև այստեղ բացվեց Շվեդիայի դեսպանությունը: Դեսպանություններն ակտիվ գործուներություն են ծավալել հարաբերությունների զարգացման, ընդլայնման, խորացման ուղղությամբ:

Անդրադարձանք առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին:

Պայմանավորվեցինք իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ներդրումների խթանման շուրջ: Գիտեք, որ Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը։

Տիկին Վալստրյոմի հետ պայմանավորվեցինք շարունակել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, պարբերական դարձնել երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունները` համագործակցության առավել խորացման նպատակով:

Որպես երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Իհարկե, անդրադարձանք Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին: Կարևորեցինք ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ մեկնարկած բանակցությունները:

Մեր բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները և մեր եվրոպական գործընկերների աջակցությունը դրանց։

Տիկին Վալստրյոմին ներկայացրեցի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և եռանախագահող երկրների համատեղ ջանքերը: Մենք նաև հնարավորություն կունենանք աշխատանքային ճաշի ընթացքում քննարկելու տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցեր:

Ժամանակի սղության պատճառով, այսքանով կսահմանափակվեմ ու սիրով խոսքը փոխանցում եմ Շվեդիայի արտգործնախարարին:

Խնդրեմ, Մարգոտ։

Նույն շարքից