Հայաստան Քաղաքական 

ՏՄՊՊՀ նախագահը չի կարող կուսակցական լինել. Էդմոն Մարուքյան

Փետրվարի 2-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

«Այս փաթեթը քննարկվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդում, և սա մեր առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությունն է: Մեր կուսակցությունը լուրջ քայլեր է ձեռնարկելու Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ու առհասարակ, կոռուպցիայի դեմ պայքարելու համար», - այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողերի հետ հանդիպման ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ այս փաթեթի ընդունման դեպքում ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) նախագահն այլևս չի կարող որևէ կուսակցության անդամ լինել, ինչպես այսօր:

Հիշեցնենք, որ Արտակ Շաբոյանն իշխող կուսակցության անդամ է:

Հովանավորչությունը դադարեցնելու համար հանձնաժողովներում պետք է քաղաքական չեզոքություն լինի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն իշխող կուսակցության անդամ է, մինչդեռ այս նախագծով այս մարմնի ղեկավարն ու անդամները չպետք է լինեն որևէ քաղաքական ուժի անդամ:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ կուսակցական լինելու հանգամանքը կաշկանդում է հանձնաժողովին անաչառ գործելու հարցում: Մեր նախագծում անդրադարձել ենք նաև Վերահսկիչ պալատին», - պարզաբանեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի անդամները կարող են անաչառ լինել, եթե անկախ լինեն և չհարեն որևէ կուսակցության, փոխկապակցված չլինեն քաղաքական ուժերի ու պաշտոնատար անձանց հետ և զերծ լինեն շահերի բախումից:

«Եթե հանձնաժողովի նախագահն իշխող կուսակցության անդամ է և քննվում է մի հարց, որտեղ անդրադառնում են իշխող կուսակցության որևէ անդամին կամ նրան փոխկապակցված անձին պատկանող տնտեսվարող սուբյեկտին, միանշանակ հանձնաժողովականը չի կարող լինել անաչառ ո՛չ որոշում կայացելիս ոչ էլ նույնիսկ գործը վարույթ ընդունելիս», - նշեց Էդմոն Մարուքյանը:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ մենաշնորհների առկայությունն էլ է սերտորոն կապված վերը նշված հանգամանքի հետ, քանի որ տվյալ դաշտում տնտեսվարողների համար չկան արդար ու հավասար մրցակցայիյն պայմաններ:

«Ըստ այս նախագծի՝ այն պաշտոնատար անձիք, ովքեր կընտրվեն կամ կնշանակվեն այս պաշտոններում, որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չեն կարող լինել, իսկ գործողները պարտավոր են ընտրություն կատարել կուսակցության կամ պաշտոնի միջև», - բացատրեց Էդմոն Մարուքյանը:

Նույն շարքից