ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շրջանառության մեջ է դրել նախագծերի փաթեթ՝ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որոնք ներկայացվել են ԱԺ քննարկման:
Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունից հետո մի շարք փոփոխություններ են լինելու՝ անգամ որոշ եզրույթներ փոփոխվելու են: Օրինակ վերահսկիչ պալատը կոչվելու է հաշվեքննիչ հանձնաձողով:
«Այս երևույթների հետ կապված՝ մեծ խնդիր կա: Միշտ ճիշտ է գաղափարն ավելի վաղ դնել շրջանառության մեջ, որպեսզի այն ճիշտ ժամանակին տեղ գտնի մայր օրենքում: Մեր փաթեթն արդեն պաշտոնապես ԱԺ-ում դրված է շրջանառության մեջ և ուղարկվել է Հակակոռուպցիոն խորհրդին՝ ի գիտություն: Մենք տեղեկացրել ենք, որ նման նախագիծ կա: Եթե կա կամք, այս փաթեթը կարող է արագ քննարկվել ու դրվել քվեարկության: Իսկ եթե այդ քայլերը չարվեցին, ուրեմն չկա կամք: Չէ՞ որ սա կոռուպցիայի դեմ պայքարի միջոց է», - նշեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը ընդգծեց, որ Հայաստանի Կառավարությունում հակակոռուպցիոն խորհրդից բացի՝ այլ հանձնաժողով չկա, որը կզբաղվի այս ոլորտի խնդիրների լուծմամբ: Կա մի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր: Այն միակ մեխանիզմն է, որ հռչակվել է պաշտոնապես:
«Հիմա մենք հակակոռուպցիոն խորհրդին նետում ենք մարտահրավեր: Հակակոռոպցիոն երկրորդ խորհուրդը չկա, որտեղ ընդդիմությունն էլ կկարողանար իր կամքն արտահայտել: Մեր նախագծի միջոցով ստիպելու ենք, որ հրապարակային, թափանցիկ աշխատանք իրականացվի: Մենք ներկայացնելու ենք մեր առաջարկությունները և մոտեցումները»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը շեշտեց, որ Կառավարության հակակոռուպցիոն խորհուրդն ունի հստակ անելիքներ, որոնք, սակայն, անտեսվում են: «Մենք ոլորտ առ ոլորտ ուսումնասիրելու ենք այս կառույցում առկա բացերը և ներկայացնելու ենք՝ ցույց տալով իրավիճակից դուրս գալու ուղիները»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ուսումնասիրել է Հակակոռուպցիոն խորհրդի ներկայացրած 19 էջանոց հաշվետվությունը, սակայն ըստ Մարուքյանի եզրակացությունը հուսադրող չի եղել:
«Հակակոռուպցիոն խորհուրդը որևէ լուրջ քայլ չի արել: Մենք չտեսանք կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Աշխարհում լավագույն փորձ է համարվում աշակերտերին ու ուսուցիչների բարեվարքության դասեր տալը: Բայց չեմ կարծում, որ դա կարող է այսօրվա մարտահրավերների դեմ լավագույն պայքարի միջոց համարվել կամ շահերի բախման վտանգը վերացնել»,- ասաց պատգամավորը:
Աշակերտների համար բարեվարքության սեմինարներ կազմակերպելն ու վերջիններիս կրթելն, ըստ պատգամավորի, իհարկե, կարևոր է, բայց դրանով բավարարվել ու ասել, թե կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, դա ուղղակի ֆանտազիայի ժանրից է:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հակակոռուպցիոն խորհուդը միայն բարեվարքության դասեր կազմակերպելով է զբաղված, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այո: Պայմանագրեր կան բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ: Նրանք ի՞նչ են ասելու վերջիններիս: Բացի այդ՝ ինչու՞ պետք է այս հարցը հետո քննարկվի, եթե ունենք միջազգային պարտավորություններ ու ռազմավարական ծրագիր: Եթե կամք լինի, հնարավոր է մեկ ամսում էլ ընդունել այս փաթեթը, իսկ եթե չլինի, երբևէ չի էլ ընդունվի»:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ շահերի բախման խնդրին հարկավոր է մեծապես ուշադրություն դարձնել: «Մամուլում բազմիցս խոսում են այս մասին, բայց չկա քաղաքական կամք՝ հարցը կարգավորելու համար: Երկու օր առաջ «Հետք»-ը ներկայացրեց, թե մարզերում ինչպես են կատարվում ասֆալտապատման աշխատանքները: Մարզերում համապատասխան ծրագրերի միջոցով տենդեռները բաշխվում են տեղական պաշտոնատար անձանց, նրանց եղբայրների ու հարազատների միջև: Միանշանակ, սա շահերի բախման արգասիք է: Բայց, որևէ կանխարգելիչ քայլ չի արվում: Նման հարցերը բարձրացնելիս էլ, այնպիսի տպավորություն է, թե հենց հարցը բարձրացնողն է մեղավոր», - նկատեց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը ձևավորել է մասնագիտական խորհուրդ, որը զբաղվելու է շահերի բախման խնդրով:
«Մեր երկրում թիվ մեկ խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարում շահերի բախումն է: Անգամ տենդեռները շահելու պրոցեսի ժամանակ կարելի է սա նկատել, իսկ դրա դեմ չկա որևէ օրենսդրական արգելք: Այս վիճակն օրհասական է»,- ասաց նա:
Զրույցի վերջում Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ օրենքներն ընդունելուց հետո հարկ է դրանք կիրառել, այլապես դրանց ընդունումն իմաստ չի ունենա:
«Վանդակների դեմ նշան դնելով չի կարելի ասել, որ կիրառվում է օրենքը: Մենք ունենք բազմաթիվ օրենքներ, որ մնացին թղթի վրա: Ես չեմ ցանկանա, որ մեր փաթեթն ընդունվի ու մնա թղթի վրա: Հարկավոր է հիշել, որ օրենքի ընդունումից կետո կա երկրորդ քայլը՝ օրենքի կիրառումը ու դրա իրավակիրառ պրակտիկայի սահուն ընթացքը», - եզրափակեց Էդմոն Մարուքյանը: