Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի հինգ զինծառայող է սպանվել, հայտնում է Associated Press-ը: Նրանք զինյալների հարձակման զոհ են դարձել: Զինվորականների ազգությունը և մահվան հանգամանքները չեն հաղորդվում: Վերջին անգամ դաշինքի ուժերը միաժամանակյա այսպիսի կորուստ կրել էին ապրիլի 26-ին, երբ ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել էր բրիտանացի հինգ զինծառայող:
Չի բացառվում, որ զինվորականների վրա հարձակումը պայմանավորված է Աֆղանստանում ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների հետ: Թալիբները մեկ անգամ չէ, որ հայտարարել են քվեարկությանը խանգարելու մտադրության մասին:
Նշենք, որ տարեսկզբից սկսած՝ զոհվել է ՆԱՏՕ-ի 41 զինվորական, որից ութը՝ հունիսին: Զոհերից կեսից ավելին ամերիկացիներ են: 2011 թվականին զոհերի թիվը կազմել է 566 մարդ, 2012-ին՝ 402, իսկ ահա 2013 թվականին՝ 160 մարդ: