Գիտություն Հասարակություն 

Երիտասարդ գիտնականները ամրապնդում են դպրոցականների գիտելիքները

analitik.am

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում (Բաղրամյան 24) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության եւ երիտասարդ գիտնականների հանդիպումը տարբեր մարզերի շուրջ 50 աշակերտների հետ, որի ընթացքում կներկայացվի ՀՀ ԳԱԱ 70-ամյա պատմությունը, կառուցվածքը և գործունեությունը: Հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Ծրագրի նպատակն է` ամրապնդել դպրոցականների ոգևորությունը գիտելիքի և գիտության նկատմամբ, ցուցադրել գիտության առավել հետաքրքիր կողմերը, սովորեցնել սիրել ու ճիշտ ընկալել այն: ՀՀ մարզերի տասնվեց դպրոցներում անցկացվել են սեմինար-հանդիպումներ ավագ դասարանների շուրջ 600 աշակերտների և ուսուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում, տաս տարբեր ոլորտի երիտասարդ գիտնականների կողմից ներկայացվել է գիտությունը` որպես մշակութային ոլորտ, դրա ունեցած դերն աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, ֆիլմերի և շնորհանդեսների միջոցով ներկայացվել են հայ գիտնականների գիտական նվաճումները, խոսվել է առողջ ապրելակերպի, առողջ սննդի, և այլ թեմաների մասին:

Հանդիպումից հետո աշակերտները կայցելեն ՀՀ ԳԱԱ մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ՝ տեղում անմիջականորեն առնչվելով այնտեղ կատարվող գիտական հետազոտություններին:

Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի եւ երիտասարդ քիմիկոսների ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան:



ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նույն շարքից