Հասարակություն 

ԱԺ-ում լրագրողների և պատգամավորների համար դրես-կոդ սահմանելն ուղղակի անհրաժեշտություն է. Կարինե Դնոյան

Ազգային ժողովում լրագրողների և պատգամավորների համար դրես-կոդ սահմանելն ուղղակի անհրաժեշտություն է: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը՝անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նախաձեռնությանը՝ լրագրողներին ժողովի հրավիրել և քննարկել՝ արդյոք խորհրդարանում դրես-կոդ պետք է, թե ոչ:



«Դրես-կոդն անհատին ավելի հավաք և կոկիկ է դարձնում, ստիպում նրանից օրինակ վերցնել: Սակայն հետևելով մեր պատգամավորներների հագուկապին՝ հաճախ նկատում եմ, որ նրանք սխալ են հագնված: Մինչդեռ պետք է, որ պաշտոնատար անձինք հագուստ ընտրելիս ավելի խստապահանջ լինեն»,- նկատեց Կարինե Դնոյանը՝հավելելով,որ դրես-կոդ ասվածը միայն սև-սպիտակի համադրությունը չէ:



Մասնագետի խոսքով, անգամ դրես-կոդի մեջ կարելի է բազմազանություն մտցնել: «Խոսքն այնպիսի նրբությունների մասին է, ինչպիսին են շրջազգեստի երկարությունը, լանջավացվածքի չափը, կտորի որակը, տվյալ հագուստն այլ հագուստների հետ ճիշտ համադրելը և այլն: Այնպես որ, ճիշտ ընտրված դրես-կոդն ամենևին էլ սարսափելի չէ: Ինչ վերաբերում է լրագրողներին, ապա նրանք ազատ, ստեղծագործ էությամբ մարդիկ են և խիստ դրես-կոդը վերջիններիս դեպքում այնքան էլ տեղին չէ: Սակայն աշխատանքային ժամերին տեղին չեն նաև բաց թևերով շապիկները, դեկոլտեները, ծաղկավոր կտորներից հագուստները, գիշերազգեստների նմանվող տաբատները և հողաթափերը:



Ամփոփելով՝ Կարինե Դնոյանը նկատեց,որ տղամարդ պաշտոնյաները պետք է խուսափեն բաց գույնի՝ հատկապես սպիտակ, ճմրթվող կտորներից հագուստներով աշխատավայր ներկայանալուց: «Սա փնթի տպավորություն է թողնում և անկախ ամեն ինչից՝ այդ մարդուն նայելիս նրա մասին բացասական կարծիք ես կազմում: Ավելի ճիշտ է հագնել բաց մոխրագույն, կրեմագույն, երկնագույնի հետաքրքիր երանգով պիջակներ: Չի կարելի չարաշահել նաև սև գույնը՝ չնայած մենք՝ հայերս, շատ ենք սիրում այն: Սև հագուստը խիսըտ պաշտոնական է և որոշ դեպքերում կարելի է բավարարվել մուգ կապույտով»,- նշեց Կարինե Դնոյանը:

 

 

Նույն շարքից