Հասարակություն 

Որոշ պատգամավորների օգնականներ ԱԺ-ն ուղղակիորեն շփոթում են գիշերային ակումբի հետ. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում և պետական մյուս հաստատություններում անխոս պետք է դրես-կոդ գործի, որպեսզի խորհրդարանը տարբերվի վարիետեից և գիշերային ակումբից: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նախաձեռնությանը՝ լրագրողներին ժողովի հրավիրել և քննարկել՝ արդյոք խորհրդարանում դրես-կոդ պետք է, թե ոչ:

«Նրա այս նախաձեռնությունը կարևոր եմ համարում , սակայն կարծում եմ, որ պարոն Թովմասյանը պետք է նախևառաջ սկսի ԱԺ աշխատակազմի և հատկապես որոշ պատգամավորների օգնականների հագուկապից, որովհետև շատ դեպքերում նրանք Ազգային ժողովն ուղղակիորեն շփոթում են գիշերային ակումբի հետ: Երբ կարգի բերվի պատգամավորների օգնականների դրես-կոդը և որոշ մարդիկ ներքնաշոր հիշեցնող հագուստներով խորհրդարան մուտք գործելու իրավունք չունենան, ամեն ինչ ավելի գեղեցիկ կդիտվի»,- ասաց խորհրդարանականը:

ԲՀԿ պատգամավորի խոսքով, պետք է օբյեկտիվորեն նշել, որ ի տարբերություն ԱԺ աշխատակազմի որոշ ներկայացուցիչների՝ դրես-կոդը խախտած լրագրողների գրեթե չի հիշում: «Մտովի փորձում եմ վերհիշել՝ այս տարիների ընթացքում տեսե՞լ եմ գռեհիկ կամ անճաշակ հագնված լրագրողների, սակայն նման դեպք չեմ հիշում: Ի տարբերություն իրենց օգնականների՝ քիչ թե շատ գրագետ են հագնվում նաև պատգամավորները»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ գործի բերումով հաճախ լինելով Եվրոպայում՝ ինքը տեսնում է, որ պետական բոլոր հիմնարկներում հստակ դրես-կոդ է գործում:

Նույն շարքից