Քաղաքական Միջազգային 

Ի՞նչու է ցայտնոտում հայտնվել Թուրքիան. ռազմական իրավիճակի վերջին փոփոխությունները Սիրիայի հյուսիսում

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերին հանգուցային գործընթացներ են տեղի ունենում սիրիական հակամարտության շրջանականերում, ընդ որում՝ և՛ ռազմադաշտում, և՛ արտաքին դերակատարների շրջանում. ցայտնոտային իրավիճակ է ստեղծվել հատկապես Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում:
Բանն այն է, որ դեռևս փետրվարի 3-ին սիրիական բանակային ստորաբաժանումների, վերջիններին հարող ազգային ինքնապաշտպանական ուժերի, լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության, ինչպես նաև ռուսական օդատիեզերական ուժերի համատեղ հաջող ռազմագործողություների արդյունքում Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում, ճեղքվեց շիայաբնակ Նուբլ և ալ-Զահրա բնակավայրերի՝ արդեն մոտ 4 տարի շարունակվող պաշարման օղակը: Ավելին, զարգացնելով հաջողությունները՝ կառավարական ուժերը ներքին զինված հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ կտրեցին մի կողմից ընդդիմադիր խմբավորումների և Թուրքիայի, մյուս կողմից՝ Հալեպի արևելյան շրջաններում և Իդլիբում ամրացած հակակառավարական խմբավորումների միջև կապը՝ դրանով իսկ փաստացի ծայրահեղ ծանր իրավիճակ ստեղծելով վերջինների համար: Ըստ էության, վերոնշյալ շրջանները, որոնք էականորեն կախված են ինչպես Թուրքիայից ստացվող էներգակիրների, սննդի, դեղորայքի, սպառազինության մատակարարումներից, ներկայում հայտնվել են օրհասկան վիճակում. պետք է նշել, որ դեռևս 2015թ. հունիսին «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և մի քանի ընդդիմադիր խմբավորումների համախմբած «Ջայշ ալ-Ֆաթհ» կառույցի միջև կայացած համաձայնության արդյունքում վերջինի վերահսկողության ներքո գտնվող ուղիներով ԻՊ-ի նավթը հասնում էր դեպի Իդլիբ և Թուրքիայի տարածք: Բացի այդ, վերոնշյալ կառույցները փոխհամաձայնության էին հանգել իրենց կողմից վերահսկվող տարանցիկ ճանապարհային հանգույցներում չխոչընդոտել առևտրի իրականացմանը: Ստեղծված իրավիճակում Իդլիբի մատակարարումները հնարավոր են միայն Բաբ ալ-Հաուա սահմանային անցակետի միջոցով, որը ևս, կարծես, թիրախավորվել է սիրիական կառավարական ուժերի կողմից:
Այսպիսով, ըստ էության, կարելի է փաստել, որ վերոնշյալ ռազմագործողությունների և հատկապես ռուսական օդուժի ակտիվ մասնակցության արդյունքում սիրիական հակամարտության ողջ ընթացքում երկրի հյուսիսում՝ Լաթակիայից մինչև Հալեպ Թուրքիայի կողմից ստեղծված ազդեցության գոտիները գրեթե ամբողջությամբ չեզոքացվեցին. հենց սրանով է պայմանվորված այն ցայտնոտային իրավիճակը, որում հայտնվել են թուրքական իշխանությունները, և հենց այս զարգացումներն էին, որոնք փակուղի մտցրին սիրիական հիմնախնդրի լուծմանը նվիրված «Ժնև 3» համաժողովը:
Մյուս կարևոր խնդիրը, որն արդեն իսկ սպառնում է Անկարային՝ հումանիտար ճգնաժամի առջև կանգնած Հալեպի և Իդլիբի որոշ շրջաններից տասնյակ հազարավոր գաղթականների հոսքերն են դեպի Թուրքիա. ներկայում Հալեպի ուղղությամբ սիրիա-թուրքական սահմանի սիրիական հատվածում արդեն իսկ կուտակվել են ավելի քան 30 հազար գաղթականներ, առաջիկա օրերին նրանց թիվը կարող է հասնել 70-100 հազարի (ընդհանրապես, Հալեպի՝ ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող շրջանների բնակչության թիվն անցնում է 350 հազարից): Սրանով է բացատրվում նաև Թուրքիայի և նրա տարածաշրջանային գործընկերների՝ Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից սիրիական հակամարտության ռազմական ընթացքում տրամագծորեն նոր համատեղ իրավիճակային լուծումներ գտնելու վերաբերյալ վերջին օրերին ակտիվացած փորձերը:
Առկա պայմաններում ռազմադաշտում իրավիճակի հետագա զարգացումը կախված է սիրիական բանակի և նրան հարող ուժերի հետագա գործողությունների տրամաբանությունից: Այս առումով, կարծես, ուրվագծվում են 3 հնարավոր սցենարներ: Առաջինի դեպքում՝ կառավարական ուժերը կդադարեցնեն հետագա առաջխաղացումը՝ պահպանելով ներկա դիրքային իրավիճակը՝ նաև վերջնականապես չձախողելու համար «Ժնև 3» համաժողովը, որը հետաձգվել է մինչև փետրվարի 25-ը: Հաջորդ հնարավոր սցենարը՝ Իդլիբի վերջնական ազատագրման գործողությունն է՝ միաժամանակ 3 ուղղություններով՝ Հալեպից, Լաթակիայից և Համայից իրականացվելիք հարձակումների արդյունքում: Իսկ հետագա զարգացումների 3-րդ հնարավոր տարբերակը Հալեպի վերջնական ազատագրման գործողությունն է, որն, ի տարբերություն Իդլիբի, թեպետ շատ ավելի ազդեցիկ է, բայց նաև՝ նույնքան բարդ իրականանալի:
Իսկ թե ինչպիսի ընթացք կստանան զարգացումները, ցույց կտան հատկապես Սիրիայից դուրս ծավալվող գործընթացները, և հատկապես՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռքբերվելիք դեռևս լատենտային փուլում գտնվող պայմանավորվածությունները:

Հ.Գ. Գրառմանը կցված քարեզում պարզորոշ արտացոլված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին օրերին ստեղծված իրավիճակը

Նույն շարքից