Մշակույթ Հասարակություն 

Մահացել է արձակագիր, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը

Հայ գրականությունը հերթական ցավալի կորուստն է  կրել. 58 տարեկանում վախճանվել է  արձակագիր, 1996 թ.-ից ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի և «Ապոլոն»  հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի Գրողների միությունը:

Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է «Պիոներ» /այժմ՝ «Աղբյուր» / ամսագրի խմբագրությունում: 1987 թվականից՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղար /1991-ից/, գլխավոր խմբագրի տեղակալ /1993-ից/: 2002 թվականից « Գարուն»  ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1993-ից՝ նաև ամսագրին կից «Ապոլոն»  հրատարակչության գլխավոր խմբագիրը:

Վ.Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հին ահ» խորագրով, հրատարակվել է 1991 թվականին: Այնուհետև լույս են տեսել « Ճանճի ամիսը»  /1998/, «Համեմատական կենսագրություններ» /2004/ վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի« /2003/ մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանը, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին»  /2009/ արձակ գործերի, «Անխարիսխ և անհենարան՝ երկրագնդի նման»  /2007/ հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:

«Պատմություն մեծն Կովկասի»  վեպը 2009 թվականին /անտիպ, տպագրվել է 2013 թ./ արժանացել է Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:

Վարուժան Այվազյանի՝ ինքնատիպ գրողի, լրագրողի, գրական անբասիր գործչի, ճշմարիտ մտավորականի հիշատակը վառ կմնա նրա հարազատների ու մտերիմների, գործընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում:

Նույն շարքից