ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքմանը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ կողմերի միջև համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ:
«Նախատեսվում է զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում, ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտությունների իրականացում և զարգացում»,- ասել է նա:
Երկու երկրների համաձայնությամբ՝ առանձին համաձայնագրերով, կկարգավորվի համատեղ ստեղծված աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքը, սարքավորումների հասանելիության հարցը երրորդ պետություններին: