Հասարակություն 

Թե ում հավատարմագրել խորհրդարանում, որոշում է խմբագիրը, ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավարը. Արմինե Օհանյան

ԱԺ նախագահը կամ աշխատակազմի ղեկավարն իրավունք չունեն լրատվամիջոցի խմբագրի փոխարեն որոշել՝ որ լրագրողը պետք է խորհրդարանում հավատարմագրվի, և որ լրագրողը՝ ոչ: Analitik.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԱԺ-ում այսուհետ հավատարմագրվելու են միայն 5 տարի աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին:


«Թե ում հավատարմագրել խորհրդարանում, որոշում է խմբագիրը, ոչ թե ԱԺ աշխատակզմի ղեկավարը կամ ԱԺ նախագահը: Խմբագիրն ինքն է որոշում՝ իր լրագրողներից ով է ի վիճակի կատարելու տվյալ աշխատանքը, այնպես որ ոչ ոք իրավունք չունի միջամտելու մեր՝ մասնավոր հիմնարկությունների գործողություններին: Պարզ է, որ ոչ մի խմբագիր չի ցանկանա իր անփորձ կամ անպարտաճանաչ լրագրողին ուղարկել ԱԺ»,- ասաց Արմինե Օհանյանը:


Թերթի խմբագրի խոսքով, ճիշտ կլինի, որ այս կամ այն լրագրողին հավատարմագրել-չհավատարմագրելու փոխարեն ԱԺ աշխատակազմն առաջին հերթին զբաղվի պատգամավորների վարքը կանոնակարգելով: «Թող կանոնակարգեն խորհրդարանականների պահվածքը, հագուկապը, որ պատգամավորը լրագրողին չկոպտի, որ պատգամավորը նիստերի դահլիճում չնստի, մատը քիթը մտցնի, որ շարիկ չխաղա, որ խմիչք օգտագործած՝ նիստերի դահլիճ չմտնի»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Արմինե Օհանյանը հույս հայտնեց, որ վերոնշյալ նախաձեռնությունը կյանքի չի կոչվի և խոսակցությունների մակարդակի վրա էլ կմնա: «Կարծում եմ՝ սրանք ընդամնեը մեզ «զգաստացնելու» և իրենց ուժը ցուցադրելու խոսակցություններ են»,- ասաց նա:

Նույն շարքից