Իրավական գլխավոր 

Պերմյակովի մասին արժեքավոր տեղեկություններ ունեցող մարդիկ այլևս Հայաստանում չեն. Ա. Սաքունց

Միակ հույս մնացել է այս դատավարության ընթացքում բացահայտել բուն դրդապատճառը, որովհետև տանը կարոտելու պատճառով ինչ-որ տուն մտնել և 8 հազար դրամ վերցնել ու փորձել անցնել Թուրքիա, անտրամաբանական է, այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, 2015թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությանն անդրադարձ անելով, ասաց ՀՀ-ում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Հայկական դրամով Թուրքիայում ոչինչ չես կարող անել և բնականաբար նման ձևակերպումը որպես դրդապատճառ, անմիտ է, այնպես որ սպասենք դատավարության ընթացքին»,- նշեց բանախոսը:

Ա. Սաքունցի կարծիքով հարցի պատասխանը պետք է ստանանք դատավարության ընթացքում, սակայն այն կերպ, ինչպես ընթանում է դատավարությունը, կասկածներն ավելի են շատանում:

«Նույնիսկ դատակոչված վկաների մի մասը, խոսքը վերաբերվում է ռազմական բազայի զինծառայողներին զորացրվել են, հիմա հարց է ծագում, թե ինչպե՞ս է ապահովվելու այդ վկաների մասնակցությունը դատավարությանը»-,ասաց Սաքունցը՝ նշելով, որ նրանց հարցաքննության ժամանակ կարող են փաստեր բացահայտվել, որոնք էական նշանակություն կարող են ունենալ այդ դրդապատճառների պարզաբանման համար:

Սաքունցը նշեց, որ Պերմյակովի կենսագրությունից հայտնի է, որ մինչև Հայաստան տեղափոխվելը նա մի քանի անգամ լքել է իր ծառայության վայրը, ունեցել է խնդիրներ, բուժվել է, իսկ Պերմյակովին առնչված զինծառայողները և նրան Հայաստան տեղափոխած հրամանատարը կարող էին շատ կարևոր տեղեկություններ տրամադրել, սակայն նրանք այլևս Հայաստանում չեն:

«Հասկանո՞ւմ եք ժամանակից շուտ զորացրվել են զինվորները, ովքեր կարող էին արժեքավոր տեղեկություններ տրամադրել Պերմյակովի մասին, հրամանատարը տեղափոխվել է այլ երկիր, իսկ մարդիկ դա նորմալ են համարում»,-ասաց նա:

Ըստ Սաքունցի՝ Ավետիսյանների հարևանների հարցաքննությունը ևս շատ կարևոր է, քանի, որ անգամ մեկ հարցաքննված հարևան արդեն ասել է կարևոր նորություն:

Բանախոսը նկատեց, որ դատարանը պետք է Պերմյակովին բերման ենթարկելու որոշում կայացնի՝ նրան Հայաստանից չտանելու իրավական փաստաթուղթ ունենալու համար, իսկ դատավարության ընթացքը ռազմաբազայում, և ոչ թե Շիրակի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, համարեց սպառնալիք արդար, ազատ, անկաշկանդ դատավարություն համար, և հնարավոր դրդապատճառների բացահայտմանը խոչընդոտող հանգամանք:

Նույն շարքից