Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ «Նոր Հայաստան»-ի Մարտի 1-ի հանրահավաքին

Հմայակ Հովհաննիսյանը «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ զրուցել են Լևոն Զուրաբյանի հետ և զարմանում է, երբ տարաձայնությունների մասին խոսակցություններ են տարածվում:

«Ճիշտ է մենք նախապես չենք տեղեկացրել, շատ բնական էր, որ մենք քաղաքացիական անհնազանդության կարգավիճակում գործելով մշտապես գտնվում ենք Ազատության հրապարակում և բնականաբար ներկայացնում ենք հայտեր ամեն օր, նաև Մարտի 1-ին»-,նշեց բանախոսը ավելացնելով, որ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը, ՀԱԿ-ը նույնպես միանալու են անցկացվող հանրահավաքին և որ ընդդիմության միջև որևէ տարաձայնություն չկա:

«Նիկոլ Փաշինյանը համաձայնությունը տվել է մասնակցելու հանրահավաքին, սա ՀԱԿ-ի դրոշի տակ չի, սա իրական ընդդիմության կողմից զոհերի հիշատակի հարգման և այդ արյունը անպատիժ չթողնելու պահանջով հանրահավաք է»,-նշեց բանախոսը:

Հովհաննիսյանի կարծիքով բոլոր այն ուժերը, ովքեր ներկա էին այդ օրը այդ բողոքի ակցիային պարտավոր են մասնակցել և հանրահավաքը լինելու է նույն վայրում և դա միասնական հանրահավաք է:

Բանախոսը դժգոհություն հայտնեց նաև միջազգային կառույցներից, նշելով, որ նրանց կողմից ցուցաբերվել է անտարբերություն, ինչի արդյունքում մինչև օրս հանցագործությունը բացահայտված չէ:

Analitik.am-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով նշեց, որ իրենք Մարտի մեկի հանրահավաքին մասնակցելու հրավեր ստացել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից և պատասխանել են, որ կմասնակցեն, եթե գործողությունների պլանը նախապես համաձայնեցնեն իրենց հետ, սակայն այդ մասով նրանք դեռևս որևէ հաստատում չեն ստացել:

Նույն շարքից