Մարդու իրավունքների պաշտպանության հարցում մենք ավելի լավ ենք քան տարածաշրջանի մի շարք պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը կամ Ռուսաստանը, Analitik.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի նախկին պաշտոնակատար, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին:
«Կա միջազգային չափումներ, որոնցով մենք ավելի լավն ենք, քան տարածաշրջանում շատ պետություններ: Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը կարծրատիպերով շարժվելով, ինքն իրեն հանգստացնելով չի ուզում շատ անգամ անի շատ տարրական բաներ, որոնք մի աստիճան կբարձրացնեն ցուցանիշը, մեզ չպետք է ուրախացնի, որ փոքր-ինչ առաջ ենք, պետք է լինեինք 20 պետությունների ցանկում: Սեփականության իրավունքը այդպես էլ մնաց խոցելի ինչպես եղել է»,- նշեց տիկին Ալավերդյանը, ավելացնելով, որ Սեփականության իրավունքի պաշտպանությունը Սահմանադրության փոփոխմամբ իջեցվեց օրենքով պաշտպանելու մակարդակին և քաղաքացին կամ ՄԻՊ-ը չի կարող դիմել ՍԴ:
Պատասխանելով այն հարցին, թե ՄԻՊ-ը բացի զեկույցներից այլ ազդեցության գործիք չունի, նախկին պաշտպանը նշեց, որ հենց դրանում էլ կայանում է առավելությունը:
«Կա այսպիսի հասկացություն՝ ամոթի մոբիլիզացիա, սա գործում է ամենահումանիստական դաշտում, եթե պաշտպանը բազմաթիվ նամակներից ու շփումներից հետո ներկայացնում է զեկույց, ապա անմիջապես պետք է փոխվի վիճակը: Զարգացած երկրներում հրավիրվում են քննարկումններ, իսկ Հայաստանում իշխանության հետամնացության, ընկալման պատճառով դրսևորվում է այսպիսի կեցվածք»,-նշեց Ալավերդանը հավելելով, որ պաշտպանը բացատրում է, որ սա լավ չէ և ճիշտը այսպես անելն է և ունի դաստիարակող գործառույթ:
Նախկին պաշտպանի կարծիքով` պաշտպանի պաշտոնը անհատական է, որպես օրինակ բերելով երեք նախկին պաշտոնավարողներին:
«Ափսոսում եմ Անդրեասյանի հրաժարականի համար, սակայն իմանալով, թե դա ինչ պաշտոն է գտնում եմ, որ դա ամեն մարդու ընտրությունն է և պետք չէ մտնել այդ խորքերը»,- նշեց տիկին Ալավերդյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե հաշվի առնելով հայկական հոգեկերտվածքը, կին պաշտպանի համար է հեշտ, թե տղամարդ, նախկին ՄԻՊ-ը պատասխանեց, որ Հայաստանում կին պաշտպանը ավելի ճիշտ կլինի:
«Այնպիսի քաղաքական հետապնդումների, որ ինձ են ենթարկել, ոչ Արմեն Հարությունյանն է ենթարկվել, ոչ էլ Կարեն Անդրեասյանը, որոնց դեպքում ավելի շատ հոգեբանական ճնշումներ էին: Կանանց տրված է ավելի ճկուն լինել, ավելի դիմացկուն լինել և հայ տղամարդու վերաբերմունքը կնոջ նկատմամբ ավելի զուսպ է դրա համար կնոջ համար հեշտ է»,- ասաց նա:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը գտնում է, որ Մարդու իրավունքի պաշտոնին ներկայացված թեկնածու Արման Թաթոյանը համապատասխանում է այդ պաշտոնին:
«Քանի, որ ներկայացված է մեծամասնություն ունեցող խմբակցության կողմից ենթադրում եմ, որ նա էլ զբաղեցնելու է այդ պաշտոնը, և Թաթոյանը հանդիպելու է խնդիրների, որոնցից է նրա երիտասարդ տարիքը, կոփված անձի համար ավելի հեշտ կլիներ և նա այդ խնդիրը պետք է լուծի: Ինքն աշխատել է հենց առաջին օրերից իմ աշխատակազմում և եղել եմ գոհ»,-նշեց Ալավերդյանը հավելելով, որ գնալով իջեցվում է հասարակությանը հայտնի լինելու չափանիշը:
Նախկին պաշտպանը խոսելով Զարուհի Փոստանջյանի մասին նշեց, որ գնահատում է նրա երկու որակական հատկանիշները՝ անվախությունը և հետևողականությունը՝ իրավունքների պաշտպանության ոլորտում:
Տիկին Ալավերդյանը կարծում է, որ պաշտպանները իշխանություններին 3:0 արեցին: Իսկ նոր պաշտպանը պետք է կարողանա փոխել տպավորությունը իշխանությունների մոտ և նրանց ապացուցել, որ ինքը նրանց էլ է պաշտպանում: Ինչն իրենք չեն կարողացել անել: