Հայաստան Քաղաքական 

«Սերժ Սարգսյանը ռիսկ չի անի փոխել Հովիկ Աբրահամյանին». Արամ Հարությունյան

Քաղաքական ուժերը պետք է միավորվեն և չխանգարեն իրար, այսօր «Անալիտիկ» ակումբում նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը անդրադառնալով ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներին:

«Մենք պետք է կարողանանք կեղծ օրակարգերը հանենք, այսօր մի խնդիր կա ազատվել իշխանություններից և քաղաքական ուժերը պետք է լրջանան, փորձեն միավորվել, այլ ոչ թե մեկը գնա ազատության հրապարակ ու ասի եկեք այստեղ, կամ տեսնի մեկը միտինգ է անում, գնա ասի ես էլ եմ ուզում անել այդ միտինգը»,- ասաց Արամ Հարությունյանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում Բագրատյանի կոչին, բանախոսը պատասխանեց, որ անձամբ Բագրատյանին լուրջ չի վերաբերվում, որովհետև 2013 թվականին, երբ  ՀԱԿ-ը դեռ չէր հայտարարել, որ  տեր Պետրոսյանը չի առաջադրվելու, Բագրատյանը հայտարարեց, որ իր կուսակցությունն իրեն առաջադրելու է նախագահի թեկնածու: «Բագրատյանը ՀԱԿ-ով անցել է պատգամավոր, հիմա ՀԱԿ-ին կանչում է իր մոտ, իր կուսակցությունը ոչ մի ընտրության չի մասնակցել, հիմա ընտրությունների ժամանակ կիթառ նվագեց, ասում էր չշտապեք, հիմա ո՞ւր է շտապում: Ինքը քաղաքականությունից շատ հեռու է, որպես մասնագետ բարոյական իրավունք չունի նման բան ասելու, իրենք պարտք են տեր Պետրոսյանին, թող մանդատը վայր դնի նոր խոսա այդ մասին»,- նշեց Հարությունյանը: Անդրադառնալով կառավարության գործունեությանը Հարությունյանը նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընտրեց մահապարտ դառնալու ուղղին:

«Երբ Հովիկ Աբրահամյանը փոխարինեց Տիգրան Սարգսյանին, ես նշեցի, որ կամ պետք է ձերբակալի Տիգրան Սարգսյանին, կամ Հովիկ Աբրահամյանը դառնում է մահապարտ, Հովիկ Աբրահամյանը ընտրեց երկրորդ տարբերակը, երբ համաձայնեց դառնալ վարչապետ Սերժ Սարգսյանի այն պահանջով, որ չեն անդրադառնում Տիգրան Սարգսյանի աշխատանքին: Հիմա Սերժ Սարգսյանի պրոբլեմը Հովիկ Աբրահամյանն է,որը կուսակցությունում ուժեղ է, և նա ցանկանում է թուլացնել Աբրահամյանի դիրքերը, քանի որ իրեն ամենաշատ խանգարողն է, քանի որ հայտարարել է, որ ցանկանում է դառնալ վարչապետ: Այս պահին ռիսկ չի անի փոխել Աբրահամյանին, բայց կփորձի թուլացնել:

Սերժ Սարգսյանին նաև չի հուզում այն, որ Հովիկ Աբրահամյանն ընտրությունների ժամանակ եղել է շտաբի պետ և շատ հստակ գիտի Սերժ Սարգսյանի տոկոսը, նրան սա չի անհանգստացնում, քանի որ իշխանության մնալու մոլուցքով է տառապում», -ասաց բանախոսը, հավելելով, որ որևէ ակնկալիք չունի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից, քանի, որ ընդամենը անձեր են փոխվելու ու կապ չունի, թե ով «ավելի շատ կտանի տուն»:

Նույն շարքից