Սարյան 22-ում մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան: www.analitik.am-ը կապ հաստատեց շարժման նախաձեռնողներից «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» ղեկավար Կարեն Թումանյանի հետ, ով ներկայացրեց իրավիճակը. «Այս ամբողջ պրոսեցը՝ հանձնաժողովի ստեղծման և գործունեության, տեղի է ունենում անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում, ոստիկաններն էլ երաշխավորում են այդ մթնոլորտի հետագա կայությունը, նրանք հովանավորում են ամենաթողությունը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անտեսում է հասարակական կազմակերպությունների կարծիքը և չի թողնում, որպեսզի նրանց ներկայացուցիչները մասնակցեն նիստին՝ դիմելով բյուրոկրատական քաշքշուկների: «Ընդվզում» շարժումը գտնում է, որ այս պայմաններում հանձնաժողովի կայացրած որոշումն անօրինական է և ոչ լեգիտիմ:
«Ընդվզում» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ և պնդում է, որ հանձնաժողովի կազմը պետք է երկրի նախագահի կողմից անհապաղ փոփոխվի, քանի որ այն չի համապատասխանում հանրության պահանջներին: Նոր հանձնաժողովը, որի կազմում պետք է անհապաղ տեղ գտնեն ընդդիմության ներկայացուցիչներ, հնարավոր է, որ կայացնի ազգանպաստ որոշումներ, այլ ոչ թե հակաժողովրդավարական և հայաթափ որոշումներ»: