2001 թ-ից Գերմանիայի կառավարության Կովկասյան նախաձեռնությունը խթանում է միջսահմանային համագործակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև: 2016 թ-ին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) հանձնարարությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) արդեն 7-րդ անգամ կազմակերպում և ֆինանսավորում է «Բարեփոխման իրավաբաններ. իրավական երկխոսություն` հանուն իրավական բարեփոխման» թեմայով տարածաշրջանային ակադեմիան Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավաբանների համար:
«Բարեփոխման իրավաբաններ» թեմայով տարածաշրջանային ակադեմիան նպատակ է հետապնդում ստեղծել գիտական և գործնական ուղղվածություն ունեցող մթնոլորտ, որը կխթանի մասնագիտական երկխոսությունն ու տեղեկատվության համապարփակ փոխանակությունը մասնակիցների միջև: Դասընթացներն անցկացվելու են անգլերեն լեզվով:
Բոլոր երեք երկրներից քսանհինգ մասնակից՝
- ներգրավվելու են Հարավային Կովկասում իրավական բարեփոխման վերաբերյալ երկխոսության և
- խորացնելու են իրենց իրավական գիտելիքները և իրավունքի կիրառման գործնական հմտությունները:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը շարունակում է համագործակցությունը Հերթիի կառավարման դպրոցի (Բեռլին), ինչպես նաև Բուցերիուսի անվան իրավագիտության դպրոցի (Համբուրգ) հետ Տարածաշրջանային ակադեմիայի անցկացման ժամանակ:
Տարածաշրջանային ակադեմիայի ընթացքում ուսումնասիրվող թեմաները տարբեր են և ներառում են՝
- քաղաքացիական իրավունք և նախադեպային իրավունք,
- իրավական մեթոդոլոգիայի ունակությունների զարգացում,
- քաղաքագիտության իրավական հիմունքների և իրավունքի գերակայության վերաբերյալ քննարկումների պլատֆորմ,
- Եվրոպական, հանրային և մասնավոր իրավունքների առանձին ոլորտների վերաբերյալ համապարփակ վերապատրաստում (օրինակ՝ ընկերությունների իրավունք և մրցակցային իրավունք),
- գործնական շփման և զեկուցման հմտություններ,
- բանակցության տեխնիկա և առաջնորդության հմտություններ,
- միջսահմանային թեմաներ, օրինակ` կոռուպցիայի դեմ պայքար և գենդեր:
Բոլոր երեք երկրներին առնչվող իրավական մարտահրավերների և հիմնախնդիրների վրա աշխատանքը նպատակաուղղված է ստեղծելու մասնագետների ցանց Հարավային Կովկասի շրջանակներում, որն ունի կապեր նաև Գերմանիայի հետ: Տարածաշրջանային ակադեմիայում գործնական ուղղվածություն ունեցող վերապատրաստման ու ձեռքբերված միջազգային փորձի շնորհիվ ակադեմիայի մասնակիցները Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համար համագործակցության արժեքավոր գործընկեր են դառնում իրավական և դատական բարեփոխումների համար իրականացվող ապագա միջոցառումների ժամանակ: Կիրառելով ակադեմիայում ձեռք բերված իրենց նոր հմտությունները ամենօրյա աշխատանքում՝ մասնակիցները մեծ դերակատարություն կունենան իրենց երկրներում իրավական և դատական բարեփոխումները խթանելու գործում:
Տարածաշրջանային ակադեմիան նախատեսված է Հարավային Կովկասի իրավաբանների համար, որոնք բավարարում են հետևյալ նվազագույն պահանջները՝
- իրավագիտության բակալավրի աստիճան,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ Հայաստանում, Ադրբեջանում կամ Վրաստանում,
- քաղաքացիական, առևտրային կամ վարչական իրավունքների ոլորտներում իրականացվող իրավական և դատական բարեփոխումներին ներգրավվածություն (քաղաքացիական հասարակություն, հանրային կամ մասնավոր ոլորտ),
- տարիքը՝ քսանչորսից երեսունհինգ տարեկան,
- արտասահմանյան իրավական հայեցակարգերի նկատմամբ հետաքրքրվածություն,
- անգլերեն լեզվի լավ իմացություն:
Տարածաշրջանային ակադեմիային մասնակցելու համար կազմակերպված երկու փուլից բաղկացած ընտրության արդյունքում Վրաստանից ընտրվել են ինը, իսկ Հայաստանից և Ադրբեջանից յուրաքանչյուրից ութական մասնակից: Մասնակիցների ընդհանուր թվից տասնհինգն իգական սեռի ներկայացուցիչներ են:
Տարածաշրջանային ակադեմիա
«Բարեփոխման իրավաբաններ. իրավական երկխոսություն` հանուն իրավական բարեփոխման»
Փետրվարի 21-ից մարտի 11, 2016 թ. Բեռլին
Հերթիի կառավարման դպրոց և Բուցերուսի անվան իրավագիտության դպրոց