Հայաստան Քաղաքական 

Նախագահականում խոսվել է գլոբալ հայեցակարգային հարցերի շուրջ. Շարմազանով

ՀՀ նախագահը հանդես է եկել ծրագրային, հայեցակարգային ելույթով, խոսել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Խոսվել է գլոբալ հայեցակարգային հարցերի շուրջ՝ սկսած սոցիալ տնտեսական քաղաքականությունից, մեր անելիքներից, սահմանադրության նոր իրողության պայմաններում  ինչի պետք է ձգտի Հայաստանը, պաշտոնյաների գործունեությունից, նրանց արդյունավետությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ներքին ու արտաքին քաղաքականությունից, ինչպիսի տեսլական ենք մենք տեսնում: Այսինքն չի եղել մի ոլորտ՝ մամուլի ազատություն, ժողովրդավարության զարգացում, որին նախագահի անդրադարձած չլինի»,-նշել է Շարմազանովը:
Հարցին, թե ՀՅԴ-ի հետ համագործակցության հարցը քննարկվե՞լ է, ՀՀԿ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Կոնկրետ Դաշնակցության հետ համագործակցությունից չի խոսվել, խոսվել է կուսակցությունների դերի բարձրացման մասին»:

Հարցին, թե որն էր ՀՀ նախագահի ելույթի գլխավոր մեսիջը, Շարմազանովն արձագանքեց. «Գլխավոր մեսիջները բազմազան էին, եւ սոցիալ-տնտեսական զարգացման առումով, եւ պաշտոնյաների ավելի բարեխիղճ աշխատանքի առումով»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

Նույն շարքից