Աթենքի կենտրոնում երթևեկությունը փակ է ֆերմերների զանգվածային բողոքի ալիքի պատճառով: Հազարավոր ֆերմերներ հավաքվել են Սինտագմա հրապարակում, նրանք երգում են ազգային օրհներգն ու պարում: Հրապարակի մերձակա զբոսայգում ֆերմերները մի քանի վրան են խփել: Ավելի վաղ ֆերմերները հրապարակում հսկայական խարույկներ են վառել: Ոստիկանության գնահատմամբ՝ ակցիային մասնակցում է 10.000 մարդ, հայտնում է Skai հեռուստաալիքը:
Ֆերմերները կառավարությունից պահանջում են չեղարկել կենսաթոշակային բարեփոխման և հարկերի բարձրացման ծրագրերը: «Մենք դատարկ ձեռքով չենք վերադառնա»,- հայտարարում են ֆերմերները:
Իշխանությունները մի քանի ժամով հանել են անհայտ զինվորի հուշարձանի մոտ կանգնած ազգային գվարդիայի պատվո պահակախումբը, բայց հետո այն վերադարձվել է:
Ոստիկանությունը թույլ է տվել մայրաքաղաքի կենտրոն մտնել 2 տասնյակ տրակտոր, թեև ավելի վաղ կառավարությունը հայտարարում էր, որ թույլ չի տա ծանր տեխնիկայով փողոցներ արգելափակել:
Ֆերմերները ծրագրել են բողոքի ակցիա անցկացնել ուրբաթ օրվանից մինչև կիրակի, սակայն այն կարող է ձգվել: Մինչ այդ ֆերմերները մի քանի շաբաթ ամեն օր տրակտորներով արգելափակել են երկրի հիմնական ավտոմայրուղիները, մաքսային և հսկիչ-անցակետերը Հունաստանի սահմաններին:
Ուրբաթ բախումներ են տեղի ունեցել ֆերմերների և ոստիկանության միջև գյուղատնտեսական զարգացման նախարարության շենքի մոտ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: 4 մարդ է ձերբակալվել, հայտնում է Reuters-ը: