Զինված ուժերում ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խաղաղապահ բրիգադում մասնակցեց հանդիսավոր միտինգին:
Ուսումնական մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը:
«Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն համագործակցում է համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընթացներում ներգրավված երկրների հետ, հանդես է գալիս որպես տարածաշրջանային համագործակցության միջավայրի ձևավորման, անվտանգության համակարգի ստեղծման, հարևան պետությունների միջև կառուցողական հարաբերությունների հաստատման գործոն: Այդ իսկ պատճառով, բացի սեփական պետության ինքնիշխանության պահպանումից, պետության համար պաշտպանական ոլորտի կառավարման կարևոր ուղղություն է հանդիսանում մասնակցությունը միջազգային խաղաղության ամրապնդմանը»,- ընդգծեց Սիմոնյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով Զինված ուժերի անձնակազմին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ընդգծեց, որ այս օրը բանակի բոլոր զորամասերում նշվում է հանդիսավոր միտինգներով: Նա շեշտեց, որ տարին առատ է լինելու մարտական պատրաստության տարբեր իրադարձություններով: «2016թ. պետք է լինի շարունակությունը մեր ամբողջ պատմությամբ եկած այն բարի ճանապարհի, որ հայկական բանակը կայացել, հզորացել է և այսօր ապահովում է իր զարգացումը: Այսպիսի հանդիսավոր միջոցառումների ժամանակ մենք հետադարձ հայացք ենք ձգում մեր անցած ճանապարհին և տեսնում ենք, որ մեր բանակը փառապանծ ճանապարհ է անցել: Կազմավորվելով մեզ պարտադրված պատերազմի ընթացքում՝ մենք կարողացել ենք ոչ միայն տարբեր մարտադաշտերում հաղթանակներ կերտել, այլ նաև զբաղվել զինծառայողների ուսուցմամբ, անհատական պատրաստությամբ, ստորաբաժանումների դաշտային վարժվածության աստիճանի բարձրացմամբ, որոնք էլ հիմք են հանդիսացել, որ մեր բոլոր կառույցները հաղթանակներ կերտեն տարբեր ռազմադաշտերում»,- ասաց նախարարը:
Հանդիսավոր միտինգին մասնակցում էին նաև Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների՝ դպրոցների, բուհերի ներկայացուցիչներ, ովքեր իրենց խոսքում կարևորեցին բանակի և ուսումնական հաստատությունների համագործակցությունը: Միջացառումն ավարտվեց հանդիսավոր քայլերթով: