Հասարակություն 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությանը, ինչպես նաև հայ և վրաց ժողովուրդների դարերի պատմություն ունեցող կապերին: Խոսվել է նաև Հայոց և Վրաց Եկեղեցիների հարաբերությունների և վիրահայության հոգևոր-եկեղեցական կյանքում առկա խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին, հաջողություն մաղթելով դեսպանին հետագա ծառայության ընթացքում, Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ վերջինս կշարունակի իր աջակցությունը բերել հայ-վրացական կապերի առավել զորացմանը:

Նույն շարքից