Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու գործընթացի շրջանակներում փետրվարի 15-ին Բրյուսելում մեկնակել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը:
Բանակցություններին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի, արդարադատության, ֆինանսների, բնապահպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի եւ այլ կառույցների ներկայացուցիչներից բաղկացած հայկական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ: Եվրոպական պատվիրակությունը ղեկավարում է Եվրոպական Հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արեւմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) եւ Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:
Բանակցություններն ընթանում են եվրոպական կողմի հետ նախկինում հստակեցված ոլորտների եւ ուղղությունների շուրջ, մասնավորապես՝ ապրանքների եւ ծառայությունների առեւտուր, առեւտրի պաշտպանական միջոցներ, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցներ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, մրցակցություն, պետական գնումներ, կայուն զարգացում, թափանցիկություն, ընթացիկ վճարներ եւ կապիտալի տեղաշարժ, ներդրումային համագործակցություն եւ դրանց պաշտպանություն, վեճերի կարգավորում եւ այլն:
Ընդհանուր առմամբ, բանակցությունների առաջին փուլը բավական տարողունակ եւ ընդգրկուն է, բանակցությունների լիագումար նիստերից բացի նախատեսվում են բանակցային ենթախմբերի 12-ից ավելի հանդիպումներ, որոնց ընթացքում պետք է քննարկվեն համապատասխան ուղղությունների տեքստերի նախագծերը: Կքննարկվեն նաեւ բանակցային հետագա գործընթացներին, փուլերին, ժամանակացույցին, ինչպես նաեւ ոլորտային ապագա համագործակցության որոշ խնդիրներին առնչվող հարցեր: