Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ ծավալելու մտադրության վերաբերյալ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հայտարարությունները սպառնում են սիրիական ճգնաժամը հասցնել որակապես նոր մակարդակի՝ տարածաշրջանի պետությունների միջև ուղղակի ռազմական բախման: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ինչպես ասված է Բորդյուժայի հայտարարության մեջ, ՀԱՊԿ-ի քարտուղարությունում խիստ անհանգստացած են Սիրիայում իրադրության սրումից:
«Թուրքայի կողմից Սիրիայի տարածքի զանգվածային հրետակոծումները, Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ ծավալելու մտադրության վերաբերյալ Անկարայի և Էր-Ռիադի հայտարարությունները հղի են նրանով, որ սիրիական ճգնաժամը կարող է հասնել որակապես նոր՝ շատ վտանգավոր մակարդակի՝ տարածաշրջանի պետությունների միջև ուղղակի ռազմական բախման: Իրադարձությունների նման զարգացման հետևանքները դժվար է կանխատեսել»,-ընդգծել է Բորդյուժան:
Նրա խոսքով՝ այս պայմաններում հետին պլան է մղվում գլխավոր խնդրի լուծումը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ներսիրիական խաղաղ կարգավորմանն աջակցելը:
«Սիրիայի տարածքում՝ ՀԱՊԿ կազմակերպության պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում, պատերազմի օջախի հետագա բորբոքումը սպառնալիք է կազմակերպության անդամ պետությունների անվտանգության համար»,-ասել է նա։