արչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման եւ Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ միջազգային եւ հայաստանյան փորձագետների աջակցությամբ նախորդ տարի մշակվել է «Հայաստանի Հանրապետության պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչի արդյունքում մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ Վանաձորում: Փորձարկման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ էրեբունի-Երեւան տոնակատարությանն ընդառաջ 20 անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային եւ կիրառական խնդիրների լուծման նպատակով նախորդ տարեվերջին շահագործման են հանձնվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկրորդ եւ երրորդ բնակելի մասնաշենքերը եւ ազդարարվել է «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարության պետական ծրագրի ավարտը: Հիմնարկը նախատեսված է 1240 դատապարտյալի համար: Վերանորոգման եւ հարդարման աշխատանքներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ», «Սեւան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի միջեւ կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում կլուծվեն կալանավորված անձանց եւ դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաեւ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2015-ին ստեղծվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման էլեկտրոնային գրանցամատյանը, որը հասանելի է 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ից՝ www.registration.am հասցեով: Նախորդ տարվա ընթացքում վերապատրաստվել է 224 շահառու (նոտարներ, նոտարի օգնականներ, իրավաբաններ, վարկային եւ ռիսկերի կառավարման մասնագետներ):
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը նշել է, որ 2015 թ.-ին ԴԱՀԿ բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, պահանջատերերի, մասնավորապես, պետական բյուջեի օգտին բռնագանձվել եւ վերակագնվել է 7 մլն 190 մլն, իրավաբանական անձանց օգտին` 13 մլրդ 676 մլն, ֆիզիկական անձանց օգտին` 1 մլն 601 մլն դրամ: Ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված ու կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835:
Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ հանրապետության քրեակատորաղական հիմնարկներում ներկայում պահվում է 3 հազար 800 դատապարտյալ եւ կալանավոր: ՔԿ վարչությունը նախորդ տարվա ընթացքում հետեւողական աշխատանքներ է տարել ՔԿՀ-ներում դատապարտյալների սոցիալական վիճակի բարելավման, համակարգում կոռուպցիոն դրսեւորումների նվազեցման ուղղությամբ: Ներդրվել է դատապարտյալների հանձնուքի տրամադրման էլեկտրոնական համակարգ: ՔԿՀ-ները համալրվել են նաեւ անհրաժեշտ բուժտեխնիկայով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում պրոբացիոն ծառայության ներդրումը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության, ԴԱՀԿ-ի եւ Քրեակատարողական վարչության ակտիվ աշխատանքից՝ իրենց առջեւ դրված խնդիրների, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման, կառավարության գործունեության իրավական դաշտի ապահովման առումով: