Hraparak.am–ի փոխանցմամբ՝ ԱԳԼՃԿ-ներում տեղադրված խաղային ապարատները ոչնչով չեն տարբերվում կազինոներում տեղադրված խաղային ապարատներից, դրանք չարիք են դարձել հասարակ մարդու համար, եկամտի աղբյուր՝ որոշ չինովնիկների համար: Անցած տարի Հայանիստ գյուղի բնակիչը, գյուղին մերձակա գազալցակայանի տարածքում ընկնելով գայթակղող ապարատի ճիրանը, պարտքերը չկարողանալով վճարել՝ ինքնասպան եղավ: Հետաքրքիր է, ի՞նչ արեցին պատկան մարմինները, թերեւս ոչինչ, քանի որ ողբերգական դեպքերը շարունակվում են:
Ապարատների հերթական «զոհը» Վարդենիս քաղաքի 44-ամյա Արտյոմ Օհանյան էր: Նա բավականին գումար էր պարտվել, եւ չկարողանալով վերադարձնել՝ օրերս ինքնասպան է եղել իրենց տանը կից օժանդակ շինությունում առաստաղի մետաղյա ձողից հակի թելով կախվելու միջոցով: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին: Քաղաքապետը նշեց, որ Արտյոմը խաղամոլ չէր, շատ կարգին տղա էր. «Ամեն անգամ տեսնելուց բարեւ բայլուս էր անում: Շատ լավ տղա էր, սուտի փողի համար իրեն կախել է: Ամուսնացած, բաժանված էր: Հայրը 1 տարի առաջ էր մահացել, մոր հետ էր ապրում»:
Ըստ քաղաքապետի՝ Վարդենիս քաղաքում գործում են 3 գազալցակայան, որոնցից 2-ում դրված են ապարատները, մեկ ապարատ էլ դրված է սանտեխնիկայի խանութի կողքին՝ կից շինությունում եւ ոստիկաններն էլ հասարակական կարգ են պահպանում. «Ընդհանրապես գազալցակայանում լինի, թե մեկ այլ տեղ, դա պետք է արգելվի: Ժողովրդին պետք չի էս վիճակի մեջ դնել, Էդ ապարատները պետք է վերացվի, եթե չվերցնեն, ով որ դրել ա, դրանց պետք է վերացնեն; Վարդենիսից, կամ ընդհանրապես սահմանային գոտուց դա պետք է վերցվի: Կազինո են սարքել, ինչ շանորդություն են անում, փող են աշխատում, մարդկանց սկզբից 100 հազար դրամ տալիս, սկզբում կրում են: Հետո կրելուց որգեւորված հաջորդ օրը գնում են 1 մլն. դրամ կրվում, գալիս են: Դա պետք է ներքին գործերը վերացնի, բայց երաշխավոր է կանգնում, չպիտի թողի, որ գիշերը խաղան:
Առավոտ ժամը 6-ին գնում-տեսնում ես՝ խաղում են: Էդպիսի օբյեկտ կա, որ 6-ին բաց լինի: Եթե հասարակական կարգ են պահպանում, թող պահպանեն: Էնքան տարված են, որ վաղը ադրբեջանցին հարձակվի, էլի իրենք էդ բուտկի մեջ կխաղան: Ես խնդրում են ձեր միջոցով, որ հրապարակած նյութից հետո իրավապահ մարմիները քայլեր ձեռնարկեն, էս օբյեկտները պիտի փակվեն, դրանք չարիք են, եթե ոչ մարդիկ գնում են կործանման»:
Մանրամասները՝ hraparak.am-ում: