Ս/թ. փետրվարի 19-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի եզրափակիչ նիստը` ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի նախագահությամբ. տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը։
Նիստին մասնակցեցին 2013թ. մայիսին ձևավորված հանձնաժողովի անդամները` ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի ներկայացուցիչներ, Պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանի քաղաքական, հասարակական և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ ու լրագրողներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ և հայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Հանդես գալով նիստի բացման խոսքով` ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշեց, որ համատեղ ջանքերի և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հանձնաժողովի առջև դրված բոլոր խնդիրներն ամբողջությամբ կյանքի են կոչվել:
«Կցանկանայի շնորհակալանքի խոսքեր ասել հանձնաժողովի բոլոր անդամներին և, հատկապես, ՌԴ բարձրաստիճան ղեկավարությանը, Ռուսաստանի մեր բարեկամներին, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին և հայ համայնքային կառույցներին Ռուսաստանի տարածքում հարյուրավոր միջոցառումների կազմակերպման հարցում ցուցաբերած համակողմանի և նպատակային աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն կցանկանայի հայտնել այն ռուսաստանաբնակ երիտասարդներին և հազարավոր մարդկանց, որոնք մասնակից դարձան մեր նախաձեռնություններին», - նշեց Օ.Եսայանը` շեշտելով, որ 2015 թվականը դարձավ հայկական սփյուռքի միասնության, նոր վերելքի և, ինչն առանձնահատուկ կարևոր է, հայ-ռուսական բարեկամության հետագա ամրապնդման ժամանակաշրջան:
Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների և կազմակերպված միջոցառումների մասին ամփոփ զեկույցով հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի քարտուղար, «Ռուս-հայկական համագործակցություն» հկ-ի նախագահ Յուրի Նավոյանը: Իր խոսքում նա առանձնակի ուշադրություն դարձրեց ինչպես Մոսկվայում և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում անցկացված բազմաթիվ հանրային միջոցառումներին` տասնյակ գիտաժողովներ, ռուսաստանյան բուհերում և միջնակարգ դպրոցներում անցկացված դասախոսություններ, ցեղասպանությանը նվիրված ռուսալեզու հրատարակությունների շնորհանդեսներ և կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրություններ, այնպես էլ ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակության, հասարակական շրջանակների և ԶԼՄ-ների մասնակցությանը Երևանում կայացած հիշատակման միջոցառումներին:
Ելույթով հանդես եկավ նաև հանձնաժողովի անդամ, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Կոնստանտին Զատուլինը` նշելով, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների արդյունավետ իրականացման և ռուսաստանյան հասարակության լայն շրջանակների իրազեկման նպատակով օգտագործվել են Ռուսաստանի ամենատարբեր, այդ թվում` Հանրային պալատի, պետական գերատեսչությունների և դաշնային հեռուստաալիքների, տպագիր/էլեկտրոնային մամուլի հարթակները:
Ամփոփ ելույթներով հանդես եկան նաև ռուսաստանաբնակ հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գրիգորի Տեր-Զազարյանցն ու հանձնաժողովի այլ անդամներ:
Նիստին առանձին անդրադարձ եղավ նաև ՌԴ տարբեր մարզերում և երկրամասերում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեությանը: