Ուշ ծննդաբերող կանայք 60 տոկոսով ավելի շատ են բախվում ինսուլտների ու ինֆարկտների, քան երիտասարդ տարիքում ծննդաբերածները։ Նման եզրահանգման են եկել Մինեսոթայի համալսարանի գիտնականները:
72 հազար կանանց մասնակցությամբ անցկացված հետազոտության համաձայն՝ գիտնականները պարզել են, որ այն կանայք, որոնք առաջին երեխային 40 տարեկանից հետո են ծնում, 60 տոկոսով ավելի հաճախ են մահանում սրտանոթային հիվանդություններից։ Սա պայմանավորված է նրանով, որ շատ կանանց մոտ հղիության ընթացքում բարձր զարկերակային ճնշում ու գեստացիոն շաքարախտ է զարգանում: Այդ ամենը բացասաբար է անդրադառնում նրանց սրտանոթային համակարգի վիճակի վրա:
Բժիշկները բազմիցս նախազգուշացրել են, որ ցանկալի է որ առաջին ծննդաբերությունը լինի մինչեւ 35 տարեկան, քանի որ հետո բնական բեղմնավորման շանսերը նվազում են: Ուշ մայրանալու դեպքում աճում է նաև բարդացումների վտանգը, իսկ այդ ձևով ծնված երեխաների մոտ ավելի հաճախ են նկատվում բնածին արատներ:
Առհասարակ չծննդաբերած կանանց մոտ բարձր է մի շարք հիվանդությունների՝ մասնավորապես արգանդի ուռուցքների զարգացման վտանգը, նրանք նաեւ ավելի շատ են ենթարկվում էստրոգենի ազդեցությանը։