Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ես որևէ լրագրողի «նախիր» չեմ ասել․ Մհեր Սեդրակյան

Analitik.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ՝ կապված վերջին օրերին նրա անձի շուրջ բարձրացված աղմուկի հետ։

Պրն Սեդրակյան վերջին օրերին տարածվում է, որ Դուք լրագրողներին «նախիր» եք անվանել։ Արդյոք եղե՞լ է նման բան և ինչպե՞ս կբացատրեք դա։

-Եթե ես որևէ մեկին (կապ չունի լրագրող, թե այլ մասնագիտության մարդ) վիրավորեմ, այն էլ անհիմն, պատրաստ եմ ներողություն խնդրել։ Պետք լինի ինքս կդիմեմ Էթիկայի հանձնաժողով, բայց ես նման բան չեմ ասել։ Ես լրագրողներին «նախիր» չեմ անվանել։ Այժմ Հայաստանը բավականին բարդ վիճակում է, և ինչպես ՀՀ նախագահն է ասել իր ելույթում՝ պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։ Հիմա հարմար պահ չէ միմյանց վրա անտեղի ցեխ շպրտելու համար։ Բազմաթիվ լուրջ հարցեր կան։

Իսկ ինչպե՞ս եք բացատրում այն, որ լրագրողները պնդում են, թե ասել եք նման բան։

-Ես հասկանում եմ, որ որոշ լրագրողներ այսօր ֆինանսական խնդիրներ ունեն։ Գաղտնիք չի, որ ԱԺ միջանցքներում զբոսնում են որոշ լրագրողներ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են պատվերով այս կամ այն պատգամավորին իրենց իսկ կողմից հրահրված իրադարձությունների մեջ ներքաշելով: Կրկնում եմ նորից՝ ես «նախիր» չեմ ասել որևէ լրագրողի։ Իսկ թե ինչի համար են տարածում դա ու ինչի են ուզում հասնել դրանով, դա արդեն կիմանան այն մարդիկ, ովքեր իրենց մտերիմ լրագրողների ձեռքերով են փորձում լուծել իրենց խնդիրները։ Կարծում եմ, որ այդքան միամիտ չենք, որ չտեսնենք, որ եթե լրագրողները ամեն փոքր բան, ամեն բառ ու միմիկա ձայնագրում ու տեսանկարահանում են, այդ արտահայտությունը ինչպե՞ս վրիպեց նրանց տեսախցիկներից ու ձայնագրիչներից։ Դրանով արդեն իսկ ապացուցվում է, որ նման բան չի եղել։ Խորհուրդ կտամ բոլորին կենտրոնանալ երկրի համար կարևոր հարցերի վրա ու նման մանր գործելաոճով չփորձել քաղաքական հարցեր լուծել։

Նույն շարքից