Անցյալ տարի ամռանը հայ հասարակությունը մեղադրում էր Բիբինին հայ ազգին թալանելու, մեր հաշվին թանկարժեք տներ վարձելու և էլեկտրաէներգիայի վարձն այդքանից հետո բարձրացնելու մեջ: Հաշվի առնելով այն փաստը, որ ոչ Բիբինը, ոչ էլ «Ինտեր ՌԱՈ»-ն հայերին չէին ներկայացել որպես բարեգործներ, ավելին՝ նրանց համար ՀԷՑ-ը բիզնես էր և դա չէին թաքցնում, նրանց կարելի էր մեղադրել միայն անբարեխիղճ բիզնես գործունեություն ծավալելու մեջ: Այնուհետև հայտնվեց մեկը, ով կառավարական բարձր մակարդակում ներկայացվեց որպես բարեգործ, քանզի որոշել էր գնել տարեկան հսկայածավալ եկամուտ ունեցող ընկերություն, ով նաև ազգությամբ հայ է և սիրում է իր բիզնես նախագծերը բարեգործության անվան տակ առաջ մղել: Տվյալ անձնավորությունը՝ նույն ինքը Սամվել Կարապետյանը, ոչ միայն հասավ նրան, որ ՀԵՑ-ի հետ միասին ձեռք բերեց Որոտանի հիդրոէլեկտրակայաններ համալիրը՝ լրիվ անվճար, այլ նաև կարողացավ մեր իսկ հաշվին 1 տարի սուբսիդավորել ազգաբնակչությանը և մանր բիզնեսին: Այդ սուբսիդավորման միայն մի մասն է իր վրա վերցրել «Տաշիր գրուպ»-ը, մնացած մասը վճարվում է մեր իսկ կողմից վճարված հարկերից: Ենթադրվում էր, որ Սամվել Կարապետյանի բարեգործ լինելը գոնե հիմնավորվելու է նրանով, որ ՀԵՑ-ի պարտքերը մարվելու են հենց ՀԷՑ-ի միջոցներից՝ դե հաշվի առնենք, թե ինչքան բան տվեցինք դրա համար, որպեսզի այդ գերշահույթ ապահովող ընկերությունը ձեռք բերած ֆեյք բարեգործը կարողանա գոնե պարտքերը մարել:
Այստեղ նույնպես սխալվեցինք՝ Կառավարությունը որոշում է կայացրել, որ Համաշխարհային բանկից վարկ վերցնեն, որով ՀԷՑ-ը պետք է վճարի էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների պարտքերը: Ի՞նչ է ստացվում:
ՀՀ քաղաքացիները բողոքում են իրենց թալանելու համար, հայտնվում է մարդ, ով համաձայնվում է թալանել, սակայն ավելի շատ գումար է ուզում այդ թալանի կազմակերպման համար: Միակ տարբերությունն այն է, որ Բիբինի օրոք թալանչիները բարեգործի անուն ձեռք բերելու հարց չէին լուծում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների հաշվին վարկեր չէին վերցնում թալանը կազմակերպելու համար:
Սամվել Կարապետյանին խորհուրդ ենք տալիս սեմինարներ կազմակերպել «Ինչպե՞ս դիմացինին քցել, վերջին կոպեկը ձեռքից առնել վերջում էլ տունը գրավ դնել ու իրա հաշվին իրան մի կտոր հաց տալ, որից հետո էլ բարեգործի անուն հանել» թեմայով:
Հ.Գ. Ի դեպ, ասում են, որ ֆեյք բարեգործ Սամվել Կարապետյանի օֆշորային բիզնեսների ճյուղերն էլ են բավականին հետաքրքիր տեղեր տանում, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, թե ինչու է «բարեգործի» դիմակով Սամվելը փորձում սննանկացնել հայ ազգին: