«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով այսօր մեկնարկած հերթական դատական նիստին որպես տուժող կողմ երկրորդ հարցաքննվողը ոստիկանության աշխատակից, ավագ ոստիկան Էվրիկ Լիոնսկին էր:
Վերջինս հայտարարեց, որ նկատել է, որ նոյեմբերի 5–ին ոստիկան Գեղամ Խաչատրյանի կողմից Երևանի Ազատության հրապարակից դեպի փողոց մտնելուց առաջ Շանթ Հարությունյանի ձեռքից բռնել է և ասել է, որ փողոց չեն մտնելու:
Նա, ինչպես մինչ այսօր վկայություն տված բոլոր տուժողները, հայտարարեց, որ կոնկրետ վնասվածքներ չի ունեցել նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ, միայն պայթուցիկներից գլխացավ է ունեցել և աչքերն էին ցավում:
Էվրիկ Լիոնսկին նաև պատմեց, որ երթը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, հետո ասաց, որ ինքն այցելել է տուժած ոստիկան Գեղամ Խաչատրյանին, բայց չի հիշում որ օրը և ում հետ: Հարցին՝ ինչի՞ մասին են խոսել հիվանդանոցում, ասաց, որ չգիտի:
Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանն էլ հետաքրքրվեց. «Ինչպե՞ս եք տուժել», ապա՝ «Թուրքեր կա՞ն ձեր մոտ ծառայող», սակայն դատավորը հանեց հարցերը՝ համարելով, որ արդեն հնչել են պատասխաններ:
Իր հերթին Շանթ Հարությունյանը ընդհատեց ամբաստանյալներից Ալեք Պողոսյանին, ով հարց էր տալիս վկային և ասաց. «Ալիկ, վախտին որ փետը չես տվել գլխին, հիմա ի՞նչ ես բողոքում»:
Վկան նաև հայտարարեց, թե խառնաշփոթի ժամանակ լսել է, որ մեկը գոռացել է, որ սա էլ է ոստիկան, խփեք, բայց թե ով է գոռացել, չգիտի:
Մյուս ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ հարց չունի, բայց ավելացրեց. «Շնորհակալությո՛ւն տուժողին, որ մեզ այդքան ուրախացրեց»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն Ոոստիկանությունը թույլ չէր տվել նրանց շարունակել երթը, ինչի հետևանքով բախումներ տեղի ունեցան, ձերբակալվեց ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։