Հասարակություն 

TransAsia Airways-ը 33 հազարական դոլար կվճարի Տայվանում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին

Տայվանի TransAsia Airways ընկերությունը 33 հազարական դոլար կվճարի ավիաաղետից զոհվածների ընտանիքներին: Այդ մասին ասված է ավիափոխադրողի՝ հուլիսի 24-ին տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ, այն ուղեւորները, ովքեր վերքեր են ստացել Պենհու կղզում ATR-72 ինքնաթիռի կործանման հետեւանքով, կստանան 6 հազարական դոլար: Ընկերությունը նաեւ ճշտել է ողբերգության զոհերին վերաբերող տվյալները. 48 մարդ զոհվել է, եւս 10-ը՝ հոսպիտալացվել:


Երկշարժիչ ATR 72-500 ինքնաթիռը կործանվել Է հուլիսի 23-ի երեկոյան: Օդանավը վատ եղանակի պատճառով ուշացումով էր մեկնել Գաոսյուն քաղաքից: Թռիչքի ընթացքում անձնակազմը փորձել է խույս տալ Մատմո թայֆունից, բայց խանգարել է ուժգին քամին:

 

Ինքնաթիռն ընկել է Պենհու արշիպելագի կղզիներից մեկի բնակելի տների վրա: Դրանց բնակիչներից ոչ ոք չի զոհվել: Ականատեսների խոսքով՝ նրանցից մի քանիսը վնասվածքներ են ստացել:

 

Օդանավում եղել է 54 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամ: Բացառությամբ Ֆրանսիայի երկու քաղաքացիների, նրանք բոլորն ունեցել են Տայվանի անձնագրեր: Ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից