ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդ առեւանգելու, ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:55-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդեր, հեմատոմաներ» ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 41-ամյա Հ.Վարոսյանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժածը հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասից իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդու է տեղափոխել «Վարդանլու» թաղամաս, ով ճանապարհին դանակի գործադրման սպառնալիքով գումար է պահանջել եւ վերցրել իր հեռախոսը:
Այնուհետեւ Հ.Վարոսյանի վարած ավտոմեքենան կանգնեցրել է «Նիվա» մակնիշի մի ավտոմեքենա, դանակի գործադրման սպառնալիքով իրեն նստեցրել այդ ավտոմեքենան ու տեղափոխել Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատված, փայտե մահակներով ծեծել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ հափշտակել նրա մոտ գտնվող գումարը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Հ.Վարոսյանը ճանաչվել է տուժող, առգրավվել է նրա հագուստը, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Մշակվել է քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, ձեռնարկվում են լայնածավալ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու համար:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ։