ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Մարիան, և իր ընկերը՝ 34-ամյա Յորիթ Ֆաազենը, լքել են հոլանդական Վորսխոտեն քաղաքում գտնվող 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը՝ օրերս Դոնեցկի շրջանում մալայզիական օդանավի կործանման պատճառով աճող զայրույթի ֆոնին, գրում է Mirror-ը:
Մարիա Պուտինան ապրում էր ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա այն օդանավակայանից, որտեղից մեկնել էր կործանված ինքնաթիռը: Հիշեցնենք, որ օդանավն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։
Տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահի դուստրն ապրում է մի երկրում, որտեղ դեռ վրդովված են մալայզիական ինքնաթիռի կործանմանը Ռուսաստանի ունեցած դերի պատճառով, ավելի մեծ զայրույթ էր առաջացրել:
Ավելի վաղ անգամ Հիլվերսյում քաղաքի քաղաքապետ Պետեր Բրոերտեսն առաջարկել էր Նիդեռլանդներից վտարել Պուտինի 29-ամյա դստերը:
Բնակիչներից մեկը նշել է, որ Պուտինի դստերը չեն տեսել այն օրվանից, երբ կործանվեց ինքնաթիռը:
Հոլանդիայում Մարիայի գտնվելու փաստն է՛լ ավելի վտանգավոր դարձավ, երբ ուկրաինացի ակտիվիստները հրապարակեցին նրա հասցեն համացանցում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ զույգը վերադարձել է Մոսկվա, որտեղ նրանք կլինեն Պուտինի պաշտպանության տակ: