Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում, որովհետև մեր երկրում դժվար է գտնել մի ընտանիք, որը մասնակից չլիներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Տոն է մեր ողջ ժողովրդի համար, որովհետև Արցախի ազատության ու անկախության կերտմանը մասնակցել են շատ քաջ հայորդիներ աշխարհի տարբեր ծայրերից:

Ես շնորհավորում եմ բոլորիդ և հատկապես նրանց, ովքեր օր ու գիշեր հսկում են հայրենի երկրի սահմանները, պաշտպանում հարազատ ժողովրդի անդորրը` հնարավորություն տալով մեզ ապրել ու արարել խաղաղ երկնքի տակ: Դա մեր խիզախ զինվորներն են, սպաներն ու գեներալները, դա մեր հերոսական բանակն է, որը եղել է, կա ու կլինի մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքը, նրա անվտանգության հիմնական երաշխավորը: Հավե~րժ փառք ու պատիվ Արցախի նվիրյալ զավակներին:
Թանկագի՛ն բարեկամներ,

Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, հայրենիքի պաշտպաններին` անպարտելի ուժ ու զորություն»:

Նույն շարքից