Սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը թեւակոխեց նոր փուլ: Մենք ապրում ենք այլեւս նոր իրողության պայմաններում, որն ունի իր պահանջները եւ մարտահրավերները: Այդ մասին ԱԺ ամբիոնից ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ելնելով այդ պահանջներից՝ աստիճանաբար ձեւավորվելու է նոր քաղաքական օրակարգ: Այդ իմաստով կարեւոր իրադարձություն էր փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթը: Դա պետության առաջնորդի հայեցակարգային ելույթ էր, որը կետ առ կետ անդրադառնում էր մարտահրավերներին եւ ինչու չէ նաեւ մեր բացթողումներին: Հստակ էր ազդակը, որ Հանրապետության ղեկավարը, Հանրապետականը հասարակական քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տեսնում է փոփոխությունների անհրաժեշտություն: Կարեւորվեց բարեփոխումների անցկացման ոչ թե ռեվոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհը, ինչպես դա արել են մեր օրերի զարգացած, ժողովրդավարական երկրները: Հստակ է, որ ժողովրդավարական ազատությունները, ինչպես նաեւ բազմակարծությունն այլընտրանք չունեն»,- նշել է Շարմազանովը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ նոր քաղաքական օրակարգի պայմաններում շեշտակիորեն բարձրանալու է կուսակցությունների դերն ու նշանակությունը: «Այն դրական երեւույթ է քաղաքական մշակույթի ամրապնդման ուղղությամբ, քանի որ առաջին պլան կմղվի ոչ թե ներանձնային, այլ ծրագրային եւ գաղափարական պայքարը: Մենք մերժում ենք անձերի միջեւ պայքարը, փոխարենը կողմնակից ենք ազատ, հրապարակային բանավեճերին, որի արդյունքում մեր հասարակությունը հնարավորություն կունենա հստակ պատկերացում կազմելու յուրաքանչյուր կուսակցության գործունեության եւ գաղափարների մասին»,- ասել է նա: