Հասարակություն 

Ինչո՞ւ է Ջրաշխարհին կից անտառների բարեկարգումն ագրեսիա առաջացրել բնապահպանների մոտ

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նախօրեին հայտարարություն և Նոր Նորքի բնակիչների կողմից արված տեսանյութ էր տարածել՝ պնդելով, որ Ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերներն անխնա ծառահատում են իրականացնում: Նախաձեռնությունն իր տարածած հայտարարությունում նաև նշել էր, որ այս անօրինական գործողությունները տեղի են ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորչությամբ:

 

Արդարության համար, սակայն, պետք է ասել, որ խոսքն ամենևին էլ ծառահատումների մասին չէ, այլ ընդամենը տարածքն ավելի բարեկարգ  և կանաչապատ դարձնելու: Այսպես, դեռևս 2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող զբոսայգու 5.637 հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ:


Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև մաքրել և վերանորոգել այգում տեղակայված հուշարձանները, զբոսայգում տեղադրել զրուցարաններ, կահավորվել մանկական խաղահրապարակները, թենիսի հարթակը, ինչպես նաև շատրվան և ցայտաղբյուրներ տեղադրել: Ծրագիրը կյանքի կոչելու համար այգում ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում է  լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ: Ըստ նախագծի՝ կիրականացվեն ավելի քան 2500 նոր ծառերի տնկման աշխատանքներ:


Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն էլ անձամբ հսկում է այդ տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքները: Այս երեքշաբթի էլ  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ծրագրի համակարգող ճարտարապետի և շինարարական աշխատանքների պատասխանատուի մասնակցությամբ իրականացրեցին  շրջայց, որի  ընթացքում տվեցին համապատասխան ցուցումներ և  ստուգեցին կատարվող աշխատանքների որակը:


Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը Նոր Նորք վարչական շրջանի վարչակազմի հետ միասին հրապարակավ հայտարարում են Ջրաշխարհին կից անտառների բարեկարգման ծրագրի մասին, բացահայտ այցելություններ են կատարում, ծրագրի կմախքն են ներկայացնում և այլն, բայց արդյունքում ստացվում է, որ որոշ բնապահպաններ անհիմն մեղադրանքներ և անհասկանալի տեսանյութ ներկայացնելով փորձում են համոզել ազգաբնակչությանը, որ այդ վայրում ծառեր են կտրվում: Գուցեև նախագծի իրագործման համար պետք է մի քանի ծառ կտրվի, սակայն փոխարենը տնկվելու է 2500 նոր ծառ: Յուրաքանչյուր մեծ նպատակի իրագործման համար էլ հաճախ անհրաժեշտ է լինում շատ որոշ բաներ զոհաբերել՝ հետագայում դրանց վնասը փոխհատուցելու պայմանով: Հետևաբար, չի կարելի փաստերն այսքան խեղաթյուրել, առավել ևս, որ այս դեպքում ամեն ինչ չափից ակնհայտ ու հրապարակային է:

 

Ակտիվիստների բարձրացրած աղմուկն այս դեպքում անհարկի է և որևէ փաստով չհիմնավորված: Իհարկե լավ է, երբ քաղաքացիական նախաձեռնություններն արագ և միահամուռ կերպով արձագանքում են բնապահպանական առկա խնդիրներին, սակայն կոնկրետ այս դեպքում ճիշտ կանեին՝ իրենց ուշադրությունը սևեռեին իրական, մինչ այժմ լուծում չգտած խնդիրների վրա՝ զերծ մնալով այս կամ այն պաշտոնյային անհարկի քննադատելուց:


Հասկանալի է, որ ամռան քաղաքականապես  համեմատաբար  հանգիստ շրջանում թեմա գտնելը բավականին դժվար է, սակայն դա չի նշանակում, որ պետք է քննադատեն այն պաշտոնյաներին, ովքեր իրականում որևէ հանցանք չեն գործում՝ հակառակը՝ այս դեպքում թե քաղաքապետարանը, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կարծես թե բավականին ոգևորված են այս գեղեցիկ այգու կառուցման նախագծով և հասարականպաստ գործ են կատարում:

 

Հ.Գ. Հասկանալի է նաև, որ բնապահպանական որոշ նախաձեռնություններ սնվում են  արտասահմանյան գրանտներից և իրենց հաշվետվություններում պետք է կոնկրետ դեպքեր մատնանշեն, որպեսզի հերթական գրանտը ստանան, բայց չի կարելի այսչափ հակահասարակական քայլերի դիմել հանուն մի քանի կոպեկի:

Նույն շարքից